Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 7/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Այս։ մասին տեղեկացնում են դատախազությունից։
 
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սերյոժա Սերոբյանը  փորձել է   թիվ 7/18 ընտրատեղամասում մասնակցել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին եւ քվեարկել այլ անձի փոխարեն, ինչը կանխվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից։ Վերջինս նկատել է, որ Սերոբյանն արդեն իսկ մեկ անգամ մասնակցել է քվեարկությանը, քանի որ անձնագրում առկա է եղել համապատասխան դրոշմակնիքը ու թույլ չի տվել, որ քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ։ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, քվեաթերթիկը քվեարկված է եղել ՕԵԿ-ի օգտին։
 
Ավելին, անձնագրի զննությամբ պարզվել է, որ Ս.Սերոբյանն ընդհանրապես իրավունք չուներ մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, քանի   որ  հաշվառված է եւ բնակվում է Արագածոտն մարզի Ոսկեվազ գյուղում։ 
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ եւ 34-153-րդ հոդվածների հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։