«Ռուսական մաֆիայի թագավոր» Ասլան Ուսոյանի սպանությունից հետո քրեական աշխարհի շուրջ մռայլ կանխատեսումներ են արվում: Գրում է newsru.com կայքը:
Սոչիում, որտեղ 2014 թվականին տեղի է ունենալու Օլիմպիական խաղերը, Դեդ Հասանի դիրքերը բավականին ամուր էին և նրան անգամ «երկրորդ նահանգապետ» էին համարում:
Դեդ Հասանի ժառանգության հավակնող տարբեր մաֆիոզ կլանների պայքարին անդրադարձել է նաև արտասահմանյան մամուլը: Նրանց հատկապես հետաքրքրում է Սոչի քաղաքի ճակատագիրը, որտեղ շուտով մարզիկներ են այցելելու: Սակայն The Guardian բրիտանական պարբերականը բարենպաստ կանխատեսումներ չի տալիս:
«Մրցակից կլանները փորձում են տիրանալ այդ մարդու հսկա կայսրությանը: Նա շատ օբյեկտներ ունի Սոչիում: Դա երկրորդ կառավարության նման էր: Ուսոյանը «նայում» էր ափամերձ տարածքը, բազմաթիվ հյուրանոցներ ու ռեստորաններ»:
«Որտեղ կա փող, այնտեղ կա իշխանություն: Նա այդ քաղաքը համարում էր իր երկրորդ հայրենիքը: Այժմ Սոչիում բոլորը սպասում են, թե ինչ կլինի հետագայում, կասկած չկա, որ ինչ-որ բան տեղի կունենա: Գումարը չափազանց մեծ է, որպեսզի բոլորը հանգիստ նստեն», - գրում է «Новая Газета»-ն:
Այժմ Դեդ Հասանի համակիրները համախմբվել են և վերջին օրերին իսկական որս են հայտարարել իրենց թշնամի Ռովշան Ջանիևի կլանի «օրենքով գողերի» նկատմամբ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 21-ի գիշերը Սուխումում սպանվեց 31-ամյա «օրենքով գող» Աստամուր Գուլիան, իսկ հունվարի 28-ին Ռուֆաթ Նասիբովը:
«Մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում պատերազմ սկսել: Սա նման է Առաջին համաշխարհային պատերազմին նախապատրաստվելուն. ոչ ոք չի ցանկանում և չի ակնկալում պատերազմ, սակայն բոլորն այն աստիճան են սպառազինվում, որ այդպիսի իրավիճակում մեկ կրակոցն առաջացնում է շղթայական ռեակցիա»,- ասել է Նյու Յորքի համալսարանի դասախոս, «ռուսական մաֆիայի» փորձագետ Մարկ Գալեոտին: