Մարտի 24-ին Դիլիջանում տեղի ունեցավ Սյունիքի մարզում 2016-ին Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ուղղությամբ 2015 թվականին «USAID», «Հույսի կամուրջ» ու «UNISEF»-ի ջանքերով իրականացված գործողությունների երկայացումը ՀՀ Լոռու և Տավուշի մարզի գործընկերների համար, որտեղ, ըստ ՀՀ կառավարության 18.02.2016թ. հաստատած ժամանակացույցի, պետք է այդ քաղաքականությունը ներդրվի հաջորդ՝ 2017-ից:
Հանդիպմանը ներկա էին վերոնշյալ միջազգային կազմակերպությունների պատասխանատու անձինք, Սյունիքի և Տավուշի մարզպետարանների աշխատակազմի կրթության վարչության պետերը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետի տեղակալն ու երեխաների իրավունքների պաշտպանը, ինչպես նաև շատ այլ հրավիրված մասնագետներ: Հանդիպումը վարեց «Հույսի կամուրջ»-ի փորձառու ղեկավար Սուսաննա Թադևոսյանը: Շատ կարևոր այս պետական քաղաքականությունն իրականացվում է ոչ պետական վերոնշյալ կառույցների շնորհիվ, որի ընթացքի պատասխանատուն ԿԳ նախարարությունն է:
Սյունիքում սկսված գործընթացի վերաբերյալ եղան շատ կարևոր ելույթներ, որտեղ բարձրացվեցին հարցեր, որոնք պետք է լսեին ԿԳ նախարարության պաշտոնյաները: Մասնավորապես, Կապանի և Գորիսի ԿԱԻ-ի տնօրենները մանրամասն ներկայացրեցին Սյունիքի մարզի 102 դպրոցներում բոլոր ուսուցիչների վերապատրաստմանը նախորդող գործողությունների պլանի ու ժամանակացույցի, վերապատրաստման ընթացքի ու մշտադիտարկման արդյունքների մասին, որը հաջողությամբ կարող է իրականացվել նաև Լոռու մարզում: Քննարկվեց ՀՀ տարածքում գործող մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնների վերակազմակերպման գործընթացի, Կապանում մոտ ժամանակներս հիմնադրվող այդ կենտրոնի գործունեությունը ճիշտ հիմքերի վրա դնելու կարևորության մասին, որը կախված կլինի տնօրենի ճիշտ թեկնածուի ընտրությունից, ով քաջատեղյակ պետք է լինի այս քաղաքականությանը, հակառակ դեպքում, այսինքն գործից անտեղյակ մեկին նշանակելու դեպքում, կվտանգվի ամբողջ գործընթացը: Այս գործում շահագրգիռ անձինք ՀՀ ԿԳ նախարարն ու Սյունիքի մարզպետն են, վերոնշյալ կենտրոնի տնօրենի նրանց համաձայնեցված նշանակումից կախված կլինի գործընթացի հաջողությունը:
Անահիտ Բախշյան