«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի» գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը բանակի վերաբերյալ գրեթե սկանդալային հայտարարություն արեց:
Հայտարարությունը լիարժեք սկանդալ չէր միայն այն պատճառով, որ դեպքից, որի մասին խոսում էր Սուքիասյանը՝ 15-20 տարի է անցել: Սուքիասյանը պատգամավոր Շմայսին՝ Առաքել Մովսիսյանին և գնդապետ Մուրադ Կիրակոսյանին ըստ էության մեղադրեց իր որդուն զինվորական ծառայության ընթացքում խոշտանգելու մեջ:
«Բանակից հետո որդուս մոտ խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել, որովհետև բանակում Արարատում ծառայելու ժամանակ շուն էին բաց թողել վրան: Մուրադ Կիրակոսյան կա այնտեղ, կարող եք հարցնել: Մուրադ Կիրակոսյանը և Շմայսը… ինքը չէր ենթարկվել, հաղթանդամ, ֆիզիկապես շատ մարզված տղա էր: Շորերը մերկացրել էին և զորամասի առաջ խիստ պատժելով, ծեծելով շուն էին բաց թողել իր վրա՝ «ավչառկա»: Շունը փորձել էր խեղդել: Տղաս 3 անգամ շանը փռել էր գետնին, նորից էին բաց թողել: Էդ դեպքից հետո խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել մոտը»,- դատարանում իր տղայի մասին խոսելիս «ձեռքի հետ» հայտարարեց Սուքիասյանը:
Առաքել Մովսիսյանից մեկնաբանություն խնդրեցինք ներկայացված միջադեպի վերաբերյալ.
– Պարոն Մովսիսյան, երեկ դատարանում «օֆշորի» գործով ազատազրկված Աշոտ Սուքիասյանը…
– Օֆշորը ո՞րն ա:
– էն սկանդալը, որ Տիգրան Սարգսյանի հետ կապ ունի:
– Աշոտ Սուքիասյա՞նն ով ա:
– Էդ գործով ազատազրկված է: Նա երեկ դատարանում հայտարարել է, որ տարիներ առաջ իր տղային դուք և Մուրադ Կիրակոսյանը մերկացրել և ծեծել եք, «ավչարկա» շուն եք բաց թողել վրան:
– Աղջիկ ջան, նախ առաջինը. ես կյանքիս մեջ շուն չեմ ունեցել: Երկրորդն էլ՝ չեմ ճանաչում էդ տղան ով ա: Երրորդն էլ Կիրակոսյան Մուրադի հետ ընդհանրապես առնչություն չունեմ կլինի երևի 20 տարի:
– Դե Սուքիասյանի պատմածն էլ հին պատմություն է:
– Ես տեղյակ էլ չեմ ով ա էդ մարդը, վաբշե: Սուքիասյան Աշոտ: Ի՞նչ եք ստից բաներ ման գալիս:
– Երեկ դատարանում է հայտարարել:
– Օֆշորը ո՜ւր, Սուքիասյան Աշոտի տղան` ո՜ւր, Կիրակոսյան Մուրադն ո՜ւր, օվչառկա շունն ո՜ւր կամ չոբանի շունը, սաղ խառնել եք իրար:
– Ձեր հետ եղե՞լ է նման դեպք, որ բանակում զինվորին մերկացնեք և ծեծեք:
– Բանակում` որտե՞ղ:
– Արարատում:
– Ո՞ր թվականին:
– Շուրջ 15-20 տարի առաջ, հավանաբար:
– Դու ծնված եղե՞լ ես այդ ժամանակ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: