«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ ծեծի գործը կարծես թե հանգուցալուծվում է: Մարտի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց ոստիկանապետի տեղեկալի եղբայրը, գործի քննությունը տեղափոխվեց հատուկ քննչական ծառայություն, ու հիմա արդեն տեղի ունեցածի մասով ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս:
«Ժողովուրդ»-ը որոշեց զրուցել ծեծի կիզակետում հայտնված Արթուր Գևորգյանի հետ` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ բախվեց ոստիկանապետ Ազիզյանի հետ, արդյոք ճանաչելով է վիճել. «Ես չեմ ճանաչել ոստիկանապետին: Դատարանում էլ եմ ասել, որ եթե ճանաչեի՝ նա ոստիկանապետն է, ուրեմն կհամարեի, որ իմ դիմաց կանգնած է իմ եղբայրը, քանի որ իմ հայրս 31 տարի ոստիկան է աշխատել, եղբայրս երկար տարիներ ոստիկան է աշխատում ու իր տեղակալն է, ես անկեղծ չեմ իմացել»:
- Իսկ ե՞րբ իմացաք, որ Ձեզ հետ վիճողը ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն է, և ի՞նչ ասացիք:
- Որ ինձ տփելուց հետո տարան ոստիկանապետի մեքենայի մեջ, այնտեղ մի ոստիկան՝ Արա Միրզոյանը, տեղեկացրեց, թե գիտես՝ ում հետ գործ ունես, ոստիկանապետն է: Ես էլ ասեցի, հա, բայց, եթե նա ոստիկանապետն է, պիտի ինձ մերով քրֆի, ինձ ծեծի, տենց ո՞նց կլինի:
- Տեսանյութում նկատում ենք, որ Դուք փորձում եք ինչ-որ բան բացատրել կամ ասել: Ի՞նչ էիք ասում ոստիկանապետին:
- Ասում էի՝ ինձ մեր մի քրֆի, ես հիվանդ մեր ունեմ, իսկ ոստիկանապետը շարունակում էր:
- Ականատեսներն ասում են, երբ ոստիկանապետը մոտեցել է Ձեզ և ասել է, թե ինչո՞ւ եք ոստիկանի հետ «արա»-ով խոսում, Դուք առաջինն եք եղել, որ հայհոյել եք ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին, ինչն էլ բարկացրել է նրան:
- Ինքը ընկերոջս քաշքշում էր, մեքենայից իջել, գնացել, ասել եմ՝ ապեր, խի ես ընկերոջս քաշքշում, ու միանգամից ֆռացել է, բա դու ով էս արա, ու տփոց:
- Լավ, Ձեզ տարան ոստիկանության Գորիսի բաժին, Դուք արդեն գիտեիք՝ ում հետ գործ ունեք, փորձեցի՞ք հանգստացնել ոստիկանապետին, համաձայնության գալ՝ իրավիճակը հարթելու համար:
- Բաժնում հերթապահ մասի մոտ կանգնած մտել է ու սկսել է տփել, քացով-մացով խփել, ի՞նչ հանգստանալու մասին էր խոսքը, էլ հնարավոր չէր:
- Ի՞նչ դասեր քաղեցիք կատարվածից:
Ես ցավում եմ ե՛ւ եղբորս, ե՛ւ ոստիկանապետի համար, որ երկուսն էլ չեն աշխատում, չէի ուզենա նման բան լիներ, ցավալի էր»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։