Չեռնոգորիայում գործող «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները մարտի 31-ին Երևանում էին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում ասաց Չեռնոգորիայում հայկական «Անի» համայնքի ղեկավար Աննա Պետրոսյանը։ Ծրագիրն իրականացվել է Չեռնոգորիայում հայ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։
Մոտոակումբի ներկայացուցիչները հազարավոր կիլոմետրեր են կտրել-անցել, որպեսզի լինեն Երևանում։ Առաքելությունը մեկն էր՝ լինել աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում, այցելել Էջմիածին։ «Գիշերային գայլեր» մոտոակումբի անդամները եղել են Սևանում, Դիլիջանում, Էջմիածնում և Երևանում։
Նրանք Չեռնոգորիայի եկեղեցու կողմից նաև նամակ ու սրբապատկեր են հանձնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ ի նշան երկու ազգերի համագործակցության, բարեկամության։ Ակումբի անդամներն այսօր առավոտյան մեկնել են Հայաստանից։