Հայրենակիցնե՛ր, կարծում եմ՝ բոլորիդ համար արդեն պարզ է, որ լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք։ Ըստ ամենայնի, ինչպես և 2014 թ․ օգոստոսին, ադրբեջանցիների նպատակը ճակատի գոնե մեկ ուղղությամբ ինչ-որ հաջողություն գրանցելն է՝ թեկուզ հարյուրավոր զոհերի գնով
Գիշերը սկսված և մինչև հիմա շարունակվող մարտերն ընթանում են հայ-ադրբեջանական արցախյան ճակատի ամբողջ երկայնքով։ Այժմ այն դեպքերից է, երբ ոչ պաշտոնական լրահոսը հաճախ առաջ է ընկնում պաշտոնականից, ուստի հարկ եմ համարում մի շարք ճշգրտումներ մտցնել։
■ Առնվազն մեկ ժամ առավա դրությամբ թշնամին ունի 3 տանկի, 2 մարտական ուղղաթիռի, 2 անօդաչու թռչող սարքի կորուստ և անհայտ թվով կոմբատանտ զոհեր ու վիրավորներ։ Զոհեր և վիրավորներ կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում։
■ Պաշտոնապես հաստատված է, որ կորուստներ ունենք նաև մենք։ Այս պահին այլ տվյալներ այս մասին չեն հրապարակվում, ուստի բոլորիդ կոչ եմ անում հարգել զինծառայողների անձի և անվտանգության իրավունքը և նախքան պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումը «ինքնագործունեությամբ» չզբաղվել։
■ Թշնամական մի շարք գյուղեր՝ Շըխարխ-Մարգուշավան, Ղափանլը, Գարաղաջի, ամբողջությամբ կամ մասամբ մարդաթափ են։ Այս մասին հայկական կողմին հայտնի դարձավ բավականին վաղ, ինչը ենթադրաբար ստիպեց ադրբեջանական քարոզչամեքենային («ԱՊԱ» լրատվականի մջոցով) հրապարակել «սահմանապահ գյուղերի երջանիկ և քաջարի բնակիչների» մասին ռեպորտաժ։
■ Ռազմաճակատին մոտ գծում քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ ունենք նաև մենք, սակայն, բարեբախտաբար, մեր գյուղերը հաստատուն են, էվակուացիայի կամ անկանոն փախուստի դեպքեր չկան։
■ Ադրբեջանի համար մարտերն առավել կորստաբեր են հյուսիսարևելյան ուղղությամբ և Աղդամի շրջանում։ Հարավային թևում առավոտյան հանկարծահաս հաջողությունից հետո իրավիճակը կայունացվել է, արդեն իսկ ակնարկներ կան (ադրբեջանցիների շրջանում) հարավային ուղղությամբ հայկական հակահարձակման մասին։
■ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի կողմից պաշտոնապես հաստատվել է, որ հայկական կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հավելեմ, որ մոբիլիզացիա հայտարարված չէ նաև Ադրբեջանում։
Էլբակեան Էդգար