ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ ապրիլի 3-ին Ազգային ժողովում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում ընդգրկված պատվիրակությունների անդամներ: Քննարկվել են միջազգային գործընկերների հետ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիները եւ սահմանին տիրող իրավիճակի ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը: Մասնավորապես այն իրողությունը, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով իր իշխանությունն ամեն գնով պահպանելու մտասեւեռմամբ, փորձում է ներքին խնդիրներից շեղել իր եւ միջազգային հանրության ուշադրությունը՝ չխորշելով դրա համար զոհել մարդկային կյանքեր: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում որոշվել է եւս մեկ անգամ կոչ անել միջազգային հանրությանը սաստելու Ադրբեջանին, քանի դեռ ուշ չէ՝ կանխատեսելով, որ Ալիեւի բռնապետական ռեժիմը, ամենաթողությունից գլուխը կորցնելով, կարող է գնալ է՛լ ավելի անմարդկային քայլերի: