ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և հակամարտության կողմերին ուղղված կոչերը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Միևնույն ժամանակ, որպես ռազմական գործողություններին չմասնակցող կողմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հատկապես գնահատելի է համարում այն հանգամանքը, որ այդ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված կողմերին՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին:
Համակարծիք լինելով ռազմական գործողությունների դադարեցման կոչերին, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ուժերի միջև հրադադարի ռեժիմի հաստատման համար, քաղաքական հայտարարություններից զատ, անհրաժեշտ է համաձայնեցնել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ. մշակել հրադադարի սահմանման տեխնիկական պայմաններ, իրականացնել հակամարտող ուժերի հեռացում/բաժանում և հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմներ:
Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության, այդ թվում՝ մարդու իրավունքներով, մարդասիրական խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված ռազմական գործողությունները հանդիսանում են ՄԱԿ-ի Կանոնադրության, 1970թ. Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրի, ԵԱՀԿ 1975թ. Եզրափակիչ ակտի և Հելսինկյան գործընթացի այլ փաստաթղթերի, մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի խախտում:
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ի հայտ են բերվել նաև ադրբեջանական զինված ուժերի և զինված խմբավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության հանդեպ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով իրականացված բազմաթիվ գործողություններ, որոնք, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, հանդիսանում են ռազմական հանցագործություններ: Դրանցից առավել ակնհայտ են զինված ընդհարումներին այլևս չմասնակցող կոմբատանտների և ռազմագերիների խոշտանգումները, ընդհուպ գլխատումները, դրանց նկարահանումները և ահաբեկչական նպատակով ցուցադրումը, այդ ուժերի վերահսկողության տակ մնացած խաղաղ բնակչության սպանությունները, դիակների խոշտանգումները և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. իրականացված միջազգային իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների համար թե՛ Ադրբեջանի իշխանությունները և թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջև: