2012 թ. նոյեմբերի 18-ին` ժամը 22.45-ին, Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանային համալիրում հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր նաև օդամղիչ ատրճանակից կրակելու համար նախատեսված 4,5 մմ տրամաչափի մետաղական 5 գնդակ:

Ըստ դատաբժիշկների` Շարբաթյանիմահվան պատճառ է եղել գլխուղեղի ֆունկցիայի խանգարումը, ինչն առաջացել է դեմքին և քթիշրջանում մեկ հարվածից: Շարբաթյանի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերված, օդամղիչ ատրճանակից արձակված գնդակներից առաջացած թվով 5 կապտուկների տեսքովչթափանցող վնասվածքները մահվան հետ կապված չեն: Մահվան պատճառը հաստատվել է նաև վերջերս ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ:

Դեպքի հաջորդ օրը կամավոր ոստիկանություն ներկայացած, 1979 թ. ծնված Արտակ Վերանյանը ներկայացրել է նաև նշված օդամղիչ ատրճանակը և հայտնել, որ Շարբաթյանի հետ ինքն է վիճաբանել և ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին: Վերանյանը կալանավորվել է (оրերս կալանքի երկամսյա ժամկետը լրանալու կապակցությամբ քննիչը նոր միջնորդությամբ դիմել է դատարան` այն երկարաձգելու պահանջով, ինչը բավարարվել է):

Վերանյանին մեղադրանք է առաջադրվել  Քր.օր.-ի 104-րդ հոդվածի  2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ըստ որի` նա խմբի կազմում իր մոտ ունեցած որպես զենք օգտագործվող օդամղիչ ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն և այդ ընթացքում դիտավորյալ ապօրինաբար կյանքից զրկել Շարբաթյանին:

Նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Արտակ Վերանյանի հետ դեպքի վայրում եղած նրա եղբորը` Արեն Վերանյանին, ու ընկերոջը` Սամվել Դիլոյանին, և նրանց նկատմամբ հայտարարվել հետախուզում: Ստացվում է, որ նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել` անտեսելով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որ Շարբաթյանի մահը վրա է հասել մեկ հարվածից, և Վերանյանի` այդ կապակցությամբ տված ինքնախոստովանական ցուցմունքը, որ ինքն է հարվածել հանգուցյալին, արդեն հակասելով հենց ոստիկանության տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝վիճաբանության ընթացքում Արտակ Վերանյանը, խլելով Շարբաթյանի ձեռքին եղած ատրճանակը, մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մարմնին և սպանել նրան:

Խմբի կազմում խուլիգանության և սպանության վերաբերյալ գործում բավարար ապացույցներ չկան, ավելին` նշված մեղադրանքները հերքում են հենց գործով անցնող վկաները:

Պատմում են վկաները: Փաստաբան Շարբաթյանի մահվան օրը դեպքի վայրում են եղել նշված ռեստորանի սեփականատեր Էդիկ Խլղաթյանը, ով նաև «Հայփոստի» Վանաձորի մասնաճյուղի տնօրենն է, երգիչ Ջիվան Չիլինգարյանը, խոհարար Կարեն Խեչոյանը և Շարբաթյանի քրոջ որդին` Հայկ Ասլիկյանը: «Հետքը» զրուցել է նրանց և դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցող անձանց հետ` փորձելով ամբողջացնել այդ օրվա և դրան նախորդած իրադարձությունները:

Արտակ Վերանյանի ծնողների` Սամվել Վերանյանի ու Թամարա Խոջոյանի պատմելով` իրենց որդին ամուսնության նպատակով համակրում էր Շարբաթյանի քրոջ աղջկան` Վանաձորի բնակչուհի Տաթևիկ Ասլիկյանին: Իրենք գիտեին որդու մտադրության մասին, բայց ոչ աղջկան, ոչ նրա ընտանիքին չէին ճանաչում: Իրենց որդու և այդ աղջկա միջև էլ փոխադարձ համաձայնություն, համակրանք դեռ չկար. 15-20 օր էր` ինչ ճանաչում էին իրար: Զբոսնել են, եկեղեցի գնացել: Դեպքից 1 շաբաթ առաջ Շարբաթյանը զանգել է Արտակին և ներկայանալով պահանջել, որ 1 շաբաթ` մինչև իր Վանաձոր գալը, չմոտենա քրոջ աղջկան, ինչին Արտակը համաձայնել է:

Դեպքի նախորդ օրը Շարբաթյանն ու նույն Խլղաթյանը, ում ռեստորանում տեղի է ունեցել դեպքը, զանգել կանչել են Արտակին Վանաձորում գործող «Էլդորադո» ռեստորան: Զրուցել են, իրարից բաժանվել հաշտ ու համերաշխ: Արտակը տուն է վերադարձել բարձր տրամադրությամբ. Շարբաթյանը նրան ասել էր` «շատ լավ տղա ես, ինչ նպատակ որ ունես, գնա գործդ շարունակի»: Դեպքի օրը, սակայն, Շարբաթյանը զանգել էր «լավ առիթով» ընկերոջ տանը հրավիրված Արտակին և նորից կանչել նրան խոսելու` այս անգամ Խլղաթյանին պատկանող, գյուղի բնակելի հատվածից կտրված ու չգործող «Մուշ» ռեստորանում:

«Զարմանում եմ տվյալ աղջկա դաստիարակության վրա, թե ինչ կարիք կար, որ քեռուն կանչեր, ու անծանոթ, չսպասարկվող, քաղաքից դուրս էդ օբյեկտում գնային նստեին: Էս քաղաքում կան աշխատող օբյեկտներ, ավելի հարմար տեղ: Կամ` բաժանվել էին շատ սիրով, հաջորդ օրը կանչելու իմաստը ո՞րն ա: Մենակ կասկածում ենք նրա վրա, որ ուզեցել են ահաբեկեն մեր տղային. ի՞նչ կարիք կար էդքան բանը կատարելու»,- սրտնեղում է Արտակի հայրը:

«Իմ տղեն վատ արարք չի արել, պաշտպանվել ա: Արտակը չի բռնացել, զոռով չի տարել, չի անհանգստացրել, անշնորհք ոչ մի բան չի արել: Էլ ինչ ձևով են աղջիկ ուզում, առանց ծանոթանալու հո չէ՞ր կարա նա ուզեր»,- հուզվում է մայրը:

«Մեզ մութ մնաց, որ ուզող տղայի ու աղջկա մեջին քեռին, որ ընտանիքի բարեկամ մարդ ա համարվում, ընդհանրապես կապ չուներ էլի` գալու կամ մասնակցելու, որ դեռ մի բան էլ էդքան բանը սարքեր»,- ասում են ծնողները:

Շարբաթյանը «Մուշ» ռեստորան էր եկել դեպքի նախորդ օրը երեկոյան և գիշերել այնտեղ, գալու նպատակների մասին ոչինչ չէր ասել. պատմում է գործով վկա Կարեն Խեչոյանը, ով 2 ամիս էր` աշխատում էր չգործող ռեստորանում` սպասարկելով այն վերանորոգող բանվորներին: Հաստատում է, որ տարածքում անվտանգության համակարգ, տեսաձայնագրող սարքավորումներ չկան:

Խոհարարի պատմելով` առավոտյան Խլղաթյանն է եկել, իսկ կեսօրին` հյուրերը, որոնք, հետո պարզվել է, եղել են` Վերանյան եղբայրներից մեկն ու նրանց ընկեր Սամվել Դիլոյանը: Մյուս Վերանյանը կամ ավելի ուշ է եկել, կամ, հնարավոր է, նրանց հետ եկած լիներ, բայց ինքը չի տեսել: Հյուրերը ռեստորանում ուտելիք չեն պատվիրել, ամեն ինչ պատրաստի բերած լինելով` իրենց ձեռքով էլ սեղան են գցել: Եվ մի ամբողջ օր ռեստորանի այդ սենյակում կերուխում է եղել` Էդիկ Խլղաթյանի, Սամվել Շարբաթյանի, նրա քրոջ որդի Հայկ Ասլիկյանի, Արտակ և Արեն Վերանյանների և Սամվել Դիլոյանի մասնակցությամբ:

«Ուտում-խմում էին, 1-2 անգամ ես ներս եմ մտել, իրավիճակը շատ տրամադրված, իրար գովալով, իրար կենաց խմելով` էդ ձևի լավ մթնոլորտով, երգելով»,- պատմում է խոհարարը: Ինքը ելումուտ է արել, խմիչք ու միրգ է տարել մատուցել: Ռեստորանի տիրոջ կանչով երգիչ Ջիվանն է եկել, որ ուրախացնի խնջույքի մասնակիցներին:

«Մարդիկ նորմալ իրար հետ ճաշկերույթի են եղել. ողջ էղնեք` իրար կենաց խմել-բան, տենց շատ հաճելի պահով, բոլորը մասնակցում էին կենացներին: Սենյակում շատ մթնոլորտը լավն էր»,- հաստատում է երգիչ Ջիվանն էլ: Կոնկրետ դեպքի մասին վերջինս ոչինչ չգիտի: Ասում է, որ մի քանի երգ է երգել ու քանի որ գինովցած էր և իրեն լավ չէր զգում, գնացել է հանգստի սենյակ` հանգստանալու:

«Ես որ դուրս եմ եկել, ըտեղ ամեն ինչ նորմալ ա եղել, իսկ հետո` ինչ ա կատարվել, ես ոչ մի բան տեղյակ չեմ: Հետոյի մասին ես հետո եմ իմացել: Դուրս չեմ եկել, որովհետև առաջին հերթին չեմ լսել, համ էլ ինչի պետք ա դուրս գամ ես. ռեստորան ա, թող ձեներ գա, իմ ինչին ա պետք` ով ինչ ձեն ա հանում»,- ասում է երգիչը:

Խոհարարը պատմում է դեպքի մասին. «Ժամը 9-ի կողմերը իրանք դուրս եկան, ես սենյակում էի: Ձայներով մենակ կարամ ասել, որովհետև անձամբ չեմ նկատել դուրս գալու պահին: Դուրս եկան, ռեստորանից դուրս կա բակ: Իսկ խնջույքի սենյակում, որտեղից տղաները դուրս էին եկել, բարձր երաժշտություն էր միացրած, ու դուռը բաց էր ոնց որ, ընդեղ երգում էին Էդիկենք: Լսեցի Դիլոյան Սամվելի ձայնը, որ նա ասում էր` էս ինչ եք անում, թարգեք, ամոթ է: Դուռը բացեցի նայեցի, էսպիսի պահ էր. իրանք 4 հոգով էին, մեկ էլ քրոջ տղան էր Շարբաթյանի: Արտակն ու Շարբաթյանը դեմ-դիմաց էին կանգնած, Շարբաթյանը` դեմքով դեպի ինձ, Արտակը` մեջքով, Դիլոյանն ու Արենը` նույն ձևի մեջքով, բայց դե նրանք մի քիչ ավելի կողքի, ազատում էին: Հիմնականում Սամվելը փորձում էր Շարբաթյանին հետ պահեր, որպեսզի չխփի, Արենն էլ Արտակին էր հետ քաշում: Ինձ թվաց, որ քրոջ տղան էլ ա փորձում ինչ-որ ազատի, բայց կոնկրետացված չեմ կարող ասել: Ոչ մեկի ձեռքին զենք չեմ տեսել էդ պահին: Կրակոցի ձայներ չեմ լսել: Շրջվեցի գնացի խոհանոց: Դեռ դրսից էդ ձեները գալիս էին, որ վերջ տվեք, էգուց-էլօր խնամի եք դառնալու, էս ինչ եք անում` Սամվելն էր ասում Դիլոյան: Էդ ժամանակ Շարբաթյան Սամվելի քրոջ որդին իմ կողքով անցավ, ու լսեցի ոնց էր Դիլոյանն ասում մյուս Սամվելին` պահի էդ զենքը, վերջ տուր, ինչ ես անում, ամոթ ա, վերջ տուր, զենքը պահի: Էդ ժամանակ արդեն Շարբաթյանի քրոջ որդին էդիկենց գնացել ասել էր, էդիկը մոտեցել էր կռվողներին: Ու երբ որ ձայները կտրվեցին, ամեն ինչ հանդարտվեց, ես էդ ժամանակ դուրս եկա սենյակից, ու մոտեցա տեսա, որ Շարբաթյանն ընկած ա գետնին, կողքը կանգնած էին տղաները, Էդիկը Խլղաթյան: Տղաները նստեցին մեքենան ու գնացին: Երբ որ Շարբաթյանին բերին սենյակ, հիմնականում աջ աչքն էր ոնց որ վնասված շատ ուժեղ, նա այդ ժամանակ սաղ էր թե ոչ, չեմ կարա ասեմ: Արյուն կար, ես գետնին տեսա, որ կաթում  ա, բայց թե որտեղից էր, մարմնի  որ մասից, կոնկրետ չեմ կարող ասել»,-հիշում է Կարեն Խեչոյանը, ով դեպքի հաջորդ օրվանից այլևս չի աշխատում ռեստորանում:

Շարբաթյանի քրոջ որդին էլ` գործով վկա Հայկ Ասլիկյանը, ում ցուցմունքների հիման վրա են հիմնականում քննիչները ձևակերպել մեղադրանքի որոշումը, բանակից «Հետքին» հայտնեց հետևյալը. «Խմածությունն էր պատճառը, հայհոյեցին իրար ու տենց սկսեց: Հետո հանգստացավ մի պահ, դուս եկան դուրս, ես դուրս չեկա, ներսում սպասեցի:- Ո՞վ հայհոյեց առաջինը:- Չեմ կարա ասեմ կոնկրետ ով էր, բայց հայհոյելուց ա սկսվել:- Հայհոյանքը ներսո՞ւմ հնչեց` սենյակո՞ւմ, հետո դո՞ւրս եկան:-Չէ, միջանցքում ա եղել, հետո դուրս են եկել բակ,- դու դուրս չեկա՞ր,- Մի քանի հոգի դուրս չի եկել, այսինքն մի քանի հոգի ա դուս եկել,- դու ներսո՞ւմ ես մնացել,- Հա,  միջանցքում, հետո, ես ձայների վրա դուրս եմ եկել, ու նորից ներս եմ մտել, որ մարդ կանչեմ, ու հետո գնացել եմ տեսել, որ արդեն ըտեղ խառնաշփոթ էր, մինչև մարդ գա, տեսել եմ որ քեռին ընկած ա:- Ասում են` վեճ է եղել, ծեծկռտուք, դու դա տեսե՞լ ես, ի՞նչ էր կատարվում այդտեղ, ո՞վ ո՞ւմ էր խփում,- Սաղ չեմ տեսել, բայց ասենք մի քանի պահ եմ տեսել խառնաշփոթի մեջ ու կոնկրետ չգիտեմ, շփոթված էի, չեմ հիշում`ով ում ա խփել:- Կասե՞ս` ինչքան որ հիշում ես,- Չեմ կարա սենց ասեմ` ով ում էր խփում: Էդ պահին նենց էր, որ չեմ կարա նկատեմ` ով ում ա խփել:- Իսկ զենք ինչ-որ մեկի ձեռքին նկատե՞լ ես, ո՞ւմ ձեռքին էր զենքը,- Չէ, զենք չեմ նկատել: Էդ զենքը ընդհանրապես չեմ տեսել էդ օրը: Ինձ ասել են, նոր եմ իմացել, որ զենք ա եղել:-Ումի՞ց իմացար:- Քննիչներն են հարցաքննության ժամանակ ասել:- Ոստիկանություն ե՞րբ գնացիր,- Դեպքից կես ժամ, 1 ժամ հետո ինձ տարան: Էդ պահին խառնված գրել եմ:- Նույն բանե՞րն ես ասել, նո՞ւյնն ես գրել,- Չէ, նույնը չեմ գրել:-Ոստիկանությունում դե՞պքն ես նկարագրել,- Հա,- Բայց իրականում տեսե՞լ ես դեպքը:- Ասի չէ, ոչ ամբողջը, ամբողջը չեմ տեսել, բայց որոշ բաներ տեսել եմ:- Այն, ինչ հիմա ի՞նձ պատմեցիր:- Հա- Կոնկրետ վեճը, ծեծկռտուքը, տեսե՞լ ես քո աչքով,- Տեսել եմ, որ ահագին մարդ կա, բայց թե ով ինչ ա անում, չեմ տեսել: Ոստիկանությունում ուրիշ ձև եմ գրել, որ 3 հոգի են խփել քեռուս:- Հիմա ո՞րն  է ճիշտը:- Իրականը` նոր որ պատմեցի, էս էր, ճիշտը դա ա: Չեմ տեսել` կոնկրետ ով ա խփել:- Ոստիկանությունում ինչո՞ւ ես ուրիշ բան գրել, իսկ մեզ ուրիշ բան ես պատմում,  հնարավո՞ր է ճնշում էին քեզ, որ այդ ձևով ցուցմունք տաս,- Ոչ մեկ չի ճնշել: Էդ պահին իմ վիճակը շատ վատ էր, դրա համար էլ տենց եմ գրել: Էդ դեպքի ազդեցության տակ էի, ու էդ պահին ասեցին, որ գիտեն` ով ա ըտեղ եղել, էդ անունները տվեցին ես էլ դրա համար ասեցի:- Անունները քեզ ո՞վ է տվել-Ինչքան գիտեմ` դատախազը:- Ո՞ր դատախազը- Չեմ ճանաչում, ես առաջի անգամ եմ… Մենակ Արտակին եմ տեսել դուրս գալուց, իրա հետ ա եղել վիճաբանությունը, տեսել եմ Արտակին»:

Ազգակցական կապով կաշկանդված` Հայկը բնականաբար չէր ասի, որ հայհոյողը քեռին է եղել: Բայց նրա մատնանշած` սենյակում հայհոյելու դրվագին իրենից ու մեղադրյալներից բացի ականատես է եղել նաև ռեստորանի սեփականատեր Էդիկ Խլղաթյանը, ով ամբողջ ընթացքում եղել է խնջույքի սենյակում, բայց ով այդպես էլ համառորեն հրաժարվեց դեպքի հետ կապված որևէ բան հայտնել հանրությանը: Չի բացառվում, որ հենց նա էլ Շարբաթյանի կողմից հայհոյելու հանգամանքի մասին հայտնած լինի ոստիկանությանը, որովհետև դեպքի մասին Վերանյանի ծնողներին պատմելիս ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբաղ Համբարյանը որպես շարժառիթ է նշել հետևյալը. «Քեռին հայհոյանք է տվել մոր հասցեին և ընտանիքի անդամների, Արտակն ասել է` բա ամոթ չի, իրար հետ հաց ենք կերել, դու ինչի ես քեզ էդպես անվայել պահում»,- ինչից էլ սկսվել է վեճը:

hetq.am