Ապրիլի 5-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ կորուստները կազմել են՝ 24 տանկ, 4 հետևակի մարտական մեքենա, 2 ուղղաթիռ, 12 անօդաչու թռչող սարք, 1 «Գրադ»։

Այս մասին հայտնեց ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը Արցախում երեկվանից գործող օպերատիվ տեղեկատվական կենտրոնում:

Ապրիլի 5-ի դրությամբ հայկական կողմը կորցրել է 14 տանկ, հայկական կողմի մարդկային կորուստները կազմել են՝ 29 զինվոր, որոնցից 7-ը սպաներ և ենթասպաներ, իսկ 22-ը՝ սերժանտներ, շարքայիններ և պայմանագրային զինծառայողներ են:

Նա տեղեկացրեց, որ վիրավորների թիվը կազմում է 101-ը, որոնցից 20-ը սպաներ և ենթասպաներ են, իսկ 81-ը սերժանտներ, շարքայիններ և պայմանագրային զինծառայողներ են:

Գնդապետ Առստամյանը նշեց, որ հակառակորդի մարդկային կորուստները անհամեմատ շատ են և որպես ապացույց ներկայացրեց հակառակորդի տարածքում բնակվող երկու բնակիչների հեռախոսազրույց, որտեղ սահմանին ապրող կինը պատմում էր, թե ինչպես են մեկ գիշերվա ընթացքում միանգամից 2000 վիրավորվածներ տարել հիվանդանոց, նրանցից որոշներին շտապօգնության ուղղաթիռներով են տեղափոխել: