Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք ՀԱՊԿ անդամ երկրներն ենք, և մեզ համար իրոք ցավալի է, որ Ռուսաստանն ու ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև այդ նույն կազմակերպությունում մյուս անդամները զենք են վաճառում Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով սպառազինությունների մասին հարցին:

Նա մասնավորապես ասել է. «Ադրբեջանը ժամանակակից զենք ունի, և եռօրյա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ նա դրանք օգտագործում է։ Սակայն ուժը զենքի արդիականության և տանկերի մեջ չէ, այլ այն հավատի, որն ունի Ղարաբաղի և առհասարակ հայ ժողովուրդը։ Հավատն առ այն, որ հայրենիքը պետք է պաշտպանել։ Այո, մենք կռվում ենք հիմնականում 1980-ական թվականների զենքով, սակայն եռօրյա կոնֆլիկտը ցույց տվեց, որ մենք դրանով կռվել գիտենք, և տեսնում եք, թե ինչ կորուստներ ունի ադրբեջանական կողմը և ինչ՝ մենք։

Տեսնում եք, թե ինչպես մեր հասարակությունը իրեն դրսևորեց։ Ադրբեջանում դուք կորուստների մասին ինֆորմացիա չեք գտնի։ Եռօրյա լարվածությունը ցույց տվեց, որ լավագույն հասարակությունները նաև լավ կռվել գիտեն»