«Հրապարակ»-ը գրում է. «Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում տեղակայված 10/20 տեղամասում են քվեարկում մի շարք բարձրաստիճան անձինք: Նշված և հարակից տեղամասերին տիրություն էր անում ՀՀԿ վստահված անձ Դավիթ Սիմոնյանը՝ «Կյաժ» մականունով: Նա առանց վկայականի «կազմակերպում» էր ընտրական գործընթացը, ուղղորդում մարդկանց տեղամաս, ապա, հետաքրքրվելով վերջնական արդյունքով, ուսին թպթպացնելով, ճանապարհ դնում: Ընթացքում էլ բակում հավաքված խուժանին հանձնարարություններ էր տալիս և ուղարկում ի կատար ածելու»:

 Թերթի թղթակիցը նկատել է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է եկել քվեարկության: Ներկարայցնում ենք լրագրողի և ՀՀ նախագահի խորհրդականի հարցազրույցը:

- Պարոն Սարգսյան, ո՞ւմ եք ընտրել:

 - Տարոն Մարգարյանին, երիտասարդ տղա ա, նորմալ աշխատում ա: Մյուսների մեջ էլ առանձնապես պերսպեկտիվա չեմ տեսնում: Որ մյուսները գան, ի՞նչ նոր բան պիտի անեն, այ, դա չեմ հասկանում:

 - Դե հնարավորություն տվեք, ընտրեք մյուսներից մեկին ու կտեսնեք ինչ-որ բան կանեն: Առանց տեսնելու ասում եք, թե չեն կարող նոր բան անել:

 - Մենք Տարոն Մարգարյանին ենք հնարավորություն տալիս, թող աշխատի, ջահել, նորմալտղա ա: Նորմալ դեմքով, դիրքով, նորմալ ընտանիքից, գենը լավն ա, օղորմածիկ հորը շատ լավ ճանաչում էի: Նորմալ կաշխատի:

 

- Պարոն Սարգսյան, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե որտեղից Տարոն Մարգարյանին այդքան ունեցվածք: Մի քանի բնակարան, առանձնատներ, հազարավոր դոլարներ հաշվեհամարին, բիզեսներ:

 - Իսկ Դուք կարո՞ղ եք ասել, թե ինչի համար են այդ չարաշահումները հարմար տեղում, հարմար պահին երևում մամուլում: հնչի՞ հարմար տարիներ շարունակ չեն խոսում և հանկարծ մի օր, երբ պետք է մարդուն վարկաբեկելու փորձ արվի, գրում են՝ նա ունի էս, ունի էն: հմ կարծիքով, սա նույնիսկ բարոյական չէ: Մարդու մասին բան ունեք ասելու՝ ասեիք, ինչո՞ւ հենց հիմա:

 - Ամեն դեպքում, Դուք ընդունո՞ւմ եք, որ դրանք չարաշահումներ են:

 - Իսկ ոչի՞նչ, որ ինքն Անդրանիկ Մարգարյանի տղան է: Հայրը վարչապետ է եղել երկար տարիներ: Ինչի՞ եք ուզում ամեն ինչ բարդեք այդ երիտասարդ մարդու գլխին, ինչի՞ համար: Ես դա անարդար եմ համարում:

- Տարոն Մարգարյանի հսկայական ունեցվածքի ծագման աղբյուրների ճշգրտման փորձերն է՞լ եք անարդար համարում:

 - Այո, ես դա անարդար եմ համարում: Եթե սլաքները շուռ տանք, կասեն՝ հորից ա եկել և այլն: Բայց հիշեք Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունը: Ես դա միշտ հիշում ու չեմ մոռանում: Դա մի կլասիկ օրինակ է, որ ղեկավարը կարող է ժողովրդի կողմից այդքան սիրվի: Դրա առաջ հարկավոր է խոնարհվել երեւույթի առաջ, որ ղեկավարը կարող է այդքան սիրվել, հետմահու այդ հարգանքը վայելել: Շատ ղեկավարների թաղման զզվանքով են գնում, զզվելով, բայց Անդրանիկ Մարգարյանի թաղմանը ժողովուրդն իր վերաբերմունքը ցույց տվեց: Ժողովուրդը սիրում էր նրան: Սա պետք է հաշվի առնել: Կարծում եմ՝ նույնն էլ իր տղան կլինի: