ԵՏՄ վարչապետների հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 20-ին՝ Երևանում: Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։ Մոսկվայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն:
«Միջկառավարական խորհրդի նիստին քննարկվել են հարցեր, որոնց շուրջ պետք է հստակեցնել կողմերի տեսակետները, որպեսզի հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել և նոր փաստաթղթեր պատրաստել։ Մասնավորապես՝ մենք պայմանավորվել ենք Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ընթացքում՝ Երևանում, վերադառնալ Նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգի մասին հարցին։ Երևանում կշարունակենք քննարկել նաև երկաթուղային փոխադրումների հարցը։ ԵՏՄ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են, որ նման հանդիպումներ ավելի հաճախ կկազմակերպեն»,-ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։