«Դիսկոնթ» բանկի նախկին աշխատակցուհին դատի է տվել Ազգային ապահովագրական կազմակերպությանը` պահանջելով ճանաչել իրեն բանկի գործառնույթների բաժնի գլխավոր գանձապահի պաշտոնին աշխատանքի ժամանակ նյարդային խանգարում ստացած հաշմանդամի: Այս մասին հաղորդում է Комсомольская Правда պարբերականը` հղում կատարելով տեղական The Marker պարբերականին:

Թել Ավիվի աշխատանքային հարցերով շրջանային դատարան ներկայացված հայցի համաձայն նոր պաշտոնին անցնելուց հետո աշխատակիցը զգացել է, որ չի կարող հաղթահարել իր վրա դրված պատասխանատվությունը և դրա հետ կապված լարվածությունը:

Հայցվորը բանկի ղեկավարությանը դիմել է խնդրանքով իրեն այլ աշխատանք տրամադրել, սակայն մերժում է ստացել: Համբերության բաժակի վերջին կաթիլը, որը բերել է նյարդային խանգարման, եղել է ղեկավարության պահանջը հաշվել գանձարանի պարունակությունը, որտեղ եղել է 1.5 մլրդ շեկել կանխիկ փող: Հայցվորը փորձել է չկատարել առաջադրանքը,սակայն այն բանից հետո, որ սպառնացել են աշխատանքից հեռացումով, ստիպված է եղել սկսել հաշվել փողը:

Հայցի համաձայն աշխատանքի ավարտից հետո գլխավոր գանձապահը վերադարձել է տուն, սակայն շուտով ստիպված է եղել դիմել բժշկի կրծքավանդակում ցավերի, գլխացավի, գլխապտույտի և անհանգստության զգացումի գանգատներով:

Ստուգումից հետո հայցվորին նշանակել են «նյարդային խանգարում» և ուղարկվել է հոգեբուժական զննման: