«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Մինչ սահմանային շփման գծում հայ զինվորը կենաց ու մահու կռիվ է տալիս, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում նախընտրական շոուներ են։ «ՉԻ» տեղեկություններով` երեկ Հրազդանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ու Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանի շքախումբը քսանից ավել շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաների շարասյունով ուղևորվել է Հրազդանի Ջրառատ թաղամաս` ընտրողների հետ հանդիպման։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` ընտրարշավի մասնակիցներն այնքան են չափ ու սահմանն անցել, որ նրանց չի կանգնեցրել անգամ լուսացույցի կարմիր լույսը, և նրանք առաջ են ընթացել ավտոմեքենաների ազդանշանների ականջ խլացնող ձայների ներքո։ Նկատենք, որ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը աչքի է ընկնում ազատամարտիկների հանդեպ իր արհամարհական վերաբերմունքով, իսկ մարզպետ Կարո Գուլոյանի միակ արժանիքն էլ «փեսա» լինելու բարեբախտությունն է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: