Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է Փակ շուկայի վերաբերյալ Պարոնյան փողոցի 4ա շենքի բնակիչների բաց նամակին:
Քաղաքապետարանի պատասխանում, մասնավորապես, նշվում է.
«Ի պատասխան մայրաքաղաքի Փակ շուկայի վերաբերյալ Պարոնյան փողոցի 4ա շենքի բնակիչների բաց նամակի՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ 20.01.2012թ. Երեւանի Մաշտոցի պող. հ.5 հասցեում գտնվող շուկայի սեփականատեր՝ «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊ ընկերությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան` շուկայի հիմքերն ամրացնելու նպատակով հողային աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու խնդրանքով։
Հարցը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարությունում, եւ հավանություն է տրվել ստորգետնյա հարկերի էսքիզային նախագծին (20.01.2012թ. հ.05/14–1/160–12 գրությամբ):
Շուկայի վերակառուցման՝ հիմքերի ուժեղացման, ստորգետնյա հարկերի իրականացման նկատառումներից ելնելով, հիմքերի ուսումնասիրման, գեոֆիզիկական եւ երկրաբանական հետազոտություններ կատարելու համար հողային աշխատանքների իրականացման նպատակով 2012-ի հունվարի 24-ին քաղաքապետարանի կողմից տրվել է թույլտվություն (հ.01/78–3081–3 )։
2012-ի հունվարի 26-ին, «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊ ընկերության տնօրինության կողմից հայտ է ներկայացվել Երեւանի քաղաքապետարան` շուկայի 0.00 նիշից ներքեւ պահեստների եւ ավտոկայանատեղերի նախագծման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու խնդրանքով, եւ քաղաքապետարանի կողմից 08.02.2012թ. տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք (հ.01/18–07/2–3934–78)։
Ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա մշակված նախագիծը 2012-ի մարտի 22-ին քննարկվել է Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովի նիստում եւ որոշվել է շուկան հետագա փլուզումից կանխելու նպատակով հիմքերի ուժեղացման, նկուղային հարկերի կառուցման համար համաձայնեցնել նախագիծը եւ տալ շինարարական աշխատանքների թույլտվություն (30.03.2012թ. հ.01/18–12259–173)։
Հարկ է նշել, որ կառույցն ի սկզբանե չի ունեցել համապատասխան քանակի ավտոմեքենաների կայանման տեղ, եւ մեքենաները կայանվել են շուկայի շենքի ամբողջ պարագծով՝ հարակից բնակելի շենքերը սպասարկող ճանապարհներին։
2012-ի մարտի 2-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից ինքնակամ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու՝ շուկայի հետնամասում հարկերի կառուցման համար կազմվել է արձանագրություն (հ. 005487)։ Արձանագրության հիման վրա` Երեւանի քաղաքապետի 2012-ի մարտի 14-ին հ.Վ–814 որոշումով կառուցապատողը ենթարկվել է վարչական տույժի, իսկ շինարարական աշխատանքների շարունակվելու փաստի կապակցությամբ, ՀՀ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան, Երեւանի քաղաքապետարանի կողմից 08.01.2013թ. կազմվել է վարչական իրավախախտման կրկնակի արձանագրություն (հ.009625), եւ կառուցապատողը ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Կառուցապատողը նաեւ իրազեկվել է, որ ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի 2013թ. մարտի 6-ին կայացած հ.3 նիստի եւ Երեւանի քաղաքապետի կողմից 29.11.2012թ. տրված հ.01/18-07/2-55646-1101 ճարտարապետահատակագծային առաջադրանքի չափորոշիչների համապատասխան՝ անհրաժեշտ է նախագծում համապատասխան շտկումներ կատարել եւ ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն, այնուհետեւ Երեւանի քաղաքապետարան՝ համաձայնեցման։
2013թ. մարտի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի կողմից գրությամբ ներկայացված Մաշտոցի պողոտա 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի մասնակի փոփոխման, պահպանված հատվածի ամրակայման (մասնակի վերակառուցման, պահպանված հատվածի վերականգնման եւ ուժեղացման) նախագիծը, որում նախատեսված է վերականգնում՝ նորակառույց երկաթբետոնե հատվածի մասնակի ապամոնտաժմամբ»: