ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փաստաբան Լուսինե Սահակյանին սպառնալու դեպքի առթիվ։ 
 
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռ.Սահակյանը  գրավոր դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ դատարանում Լուսինե Սահակյանի նկատմամբ սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու խնդրանքով։
 
Դատախազության հանձնարարությամբ Շիրակի քննչական բաժնում նախապատրաստված նյութերի արդյունքում 2013թ. մայիսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապրիլի 5-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում փաստաբան Լ.Սահակյանի առողջությանը վնաս հասցնելու  սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասով (արդարադատություն իրականացնելու  հետ կապված սպառնալիք)
 
Կատարվում է նախաքննություն։