Մարտի 22-ին ՀՀ Ազգային Ժողովի ցանկապատ տարածք ապօրինի մուտք գործած Վրեժ  Գալստյանի գործն  ուղարկվել է  Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն 
վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`  բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու  համար: 
 
Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հարուցած քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների, անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք թույլ տված Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչը 2013թ. մարտի 22-ին` ժամը 14.50-ի սահմաններում, խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը, 
ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ Ազգային Ժողովի ցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող,  ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողներ Արտաշես Գալստյանի և Վազգեն Հակոբյանի օրինական պահանջներին: Վրեժ Գալստյանն իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել   նաև Արտաշես Գալստյանի նախազգուշական կրակոցներ արձակելուց հետո և շարունակել է շարժվել ՀՀ Ազգային Ժողովի վարչական շենքի ուղղությամբ, իսկ ձեռքին եղած դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչներին: Վրեժ Գալստյանի ապօրինի տեղաշարժը կանխելու և նրան վնասազերծելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Սահակյանն իրեն ամրակցված  «ՊՄ» տեսակի ատրճանակից ևս մեկ նախազգուշական կրակոց է արձակել, սակայն Վրեժ Գալստյանը, կրկին չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին, դանակը ձեռքին կտրուկ շարժում է կատարել Սահակ Սահակյանի ուղղությամբ, ինչի պատճառով վերջինս իրեն ամրակցված ատրճանակից կրակոց է արձակել Վրեժ Գալստյանի ուղղությամբ` նրա ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով հրազենային միջանցիկ մարմնական վնասվածք: 
 
Դեպքից անմիջապես հետո ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցները կազմակերպել են Վրեժ Գալստյանի առաջին բուժօգնությունը, և նա տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
 
Դեպքի առթիվ 2013թ. մարտի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով,  մարտի 25-ին Վրեժ Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: 
 
Նախաքննությամբ պարզվել է, որ Վրեժ Վանիկի Գալստյանը 2012թ. մայիսի 14-ից հաշվառված է Մասիսի պոլիկլինիկայի հոգեբուժական կաբինետում` «շիզոֆրենիա պարանոիդ ձև, աֆեկտիվ-զառանցական համախտանիշ» ախտորոշմամբ:  
Ըստ  Վրեժ Գալստյանի վերաբերյալ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության,  քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու պահին Վրեժ Գալստյանը գտնվել է նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: 
 
Նկատի ունենալով վերը շարադրվածը` 2013թ ապրիլի 26-ին որոշում է կայացվել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին: 
Նույն օրը գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը վերացրել է Վրեժ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

 

«Փաստինֆո»