«168 Ժամ» թերթը գրում է.

««Որտե՞ղ է սկսվում և ավարտվում Հայրենիքը: Այս հռետորական, անհարկի ծեծված ու արժեզրկված հարցն առարկայական, ավելի քան առարկայական է դառնում պատերազմի ժամանակ: Որովհետև պատերազմի ժամանակ ոմանք պաշտպանում են հայրենիքի ամեն մի միլիմետրը` ֆիզիկապես, ֆիզիկական կյանքի գնով, երբ միևնույն ժամանակ՝ ոմանք հանձնում են հայրենիքը` ֆիզիկապես ներկա գտնվելով հանձնման գործընթացին` հանձնում են բարոյապես, հանձնում են ստրկաբար ու հանձնում են չհանձնել չկարողանալու համարձակություն չունենալու պատճառով:

Առաջին տեսակը հայրենիքը պաշտպանում է զինվորական համազգեստով, հաճախ՝ անգամ առանց դրա, երկրորդ տեսակի ներկայացուցիչները հայրենիքը հանձնում են, որպես կանոն, թանկարժեք կոստյում-շալվարով, լայնաժպիտ ձեռքսեղմումներով: Ու եթե առաջին տեսակի պայքարն ավարտվում է միայն մահացու կրակոցով, ապա այս երկրորդն իր գործի ավարտը նշում է շամպայնի բաժակով, բաժակաճառերով ու հույսով, որ նա, ում հանձնում է հայրենիքը, վերջում կարող է անգամ թմփթմփացնել ուսին:

Պատերազմը երկու իրականությունների հատում է:

Դրանցից մեկում զինվորների իրական հերոսության մասին պատմություններն են, որոնց մեծ մասը, դժբախտաբար, պատմում են նրանց զինակիցները, իրենց` զինվորների, այլևս ողջ չլինելու պատճառով:

Մյուս իրականության մեջ երկարաշունչ մամլո հաղորդագրություններ են` արտասահմանյան այցերի, հանդիպումների, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Ու եթե առաջին իրականության մեջ ողջ մնացածների մեծ մասն իր սխրանքի մասին հարցերին ի պատասխան՝ համեստորեն ասում է, որ ընդամենն իր պարտքն է կատարել, այս մյուս` երկրորդ հարթության պատասխանատուները պատերազմական օրերի իրենց անգործության մասին հարցին ի պատասխան՝ աշխարհագրության լիկբեզ են անցկացնում` մատնացույց անելով, թե որ օրը ում և հատկապես որ մայրաքաղաքում են հանդիպել ու առանձնապես քանի հեռախոսազանգ են ունեցել դեպի այլ մայրաքաղաքներ:

Պատերազմը երկու իրականությունների ու երկու տեսակների բախում է, որի ժամանակ առաջիններին մեդալ են տալիս, որպես կանոն՝ հետմահու` բանակի հրամանատարության ստորագրությամբ, իսկ մյուս իրականության ներկայացնողներն արժանանում են այլ երկրների կասկածելի ծառայությունների մեդալների: Կենդանության օրոք, բնականաբար: Ու նոր ծառայությունների դիմաց, հասկանալիորեն:

Պատերազմը երկու իրականությունների ու երկու տեսակների բախում է. առաջին գծում 18-ամյա զինվորի համարձակությունը հերիքում է ունեցած բոլոր միջոցներով պատասխանել ու պատժել իր հողի ու իր կյանքի նկատմամբ ոտնձգություն իրականացնողին, իսկ թիկունքի հասունները վախից դառնում են փիլիսոփաներ, որպեսզի հանկարծ իրենց ունեցած միակ միջոցը` լեզուն, սխալ չօգտագործեն ու իրերը չկոչեն իրենց անուններով: Նրանք վախենում են, որ հանկարծ, գոնե մի եզակի անգամ չասեն ճշմարտությունը:

Որովհետև իրենցը կեղծիքն է, ճշմարտությունը սահմանագծում է, որտեղ զինվորները զոհվում են, որպեսզի իրենց հայրերի հասակակիցները շարունակեն կեղծել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: