«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Միանգամից երեք գեներալների պաշտոնանկության մասին երեկ հրապարակված հաղորդագրությունները կարծես ամպրոպ լինեին անամպ երկնքում: Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին և ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին: Խնդիրն այն չէ, որ նշված գեներալները պաշտոնանկության արժանի չէին, ավելին՝ նրանք, ինչպես և ՀՀ պաշտոնյաների մեծամասնությունը, վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին: Բայց հայաստանյան իրականությունն այլ է:
Այդ իրականության մեջ ՀՀ պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ղեկավար կազմի ներկայացուցիչները այնքան երկար են իրենց պաշտոններում, որ թվում է, թե նրանք ցմահ են նշանակված, և ինչ էլ ուզում է՝ անեն, միևնույն է՝ շարունակելու են պաշտոնավարել: Նույն Ալիկ Միրզաբեկյանի, Արշակ Կարապետյանի և Կոմիտաս Մուրադյանի գործունեությանը և զինված ուժերին հատկացված միջոցների հաշվին հարստանալու մասին մամուլը բազմիցս է գրել: Բայց այդ հրապարակումները մնացել են անհետևանք:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերը նշված գեներալների պաշտոնանկության հարցում որոշիչ դերակատարություն է ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ՊՆ-ում անցկացված ստուգման արդյունքները: Տեղեկություն կա, որ պաշտոնանկությունների հարցում առանցքային դերակատարներից մեկը եղել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որն անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռումպցիոն այն սխեմայի մասին, որով Միրզաբեկյանն իր ընտանիքի անդամի կողմից հիմնադրած ընկերությունից նախարարության համար գնումներ է կատարել:
Ի դեպ, այս ստուգումների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կապված ևս լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, ուստի չի բացառվում, որ նա ևս առաջիկայում պաշտոնանկ կարվի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: