Արցախում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքները պետք է լինեն Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանի ավագանու ապրիլի 27-ի նիստի ընթացքում նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մինչև նիստի մեկնարկը քաղաքապետի առաջարկով Երևանի ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը:

«Մեր պարտքն է լինել զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների կողքին, նրանց մեր ուշադրության ներքո պահել: Իմ կողմից եղել են հանձնարարականներ` ուսումնասիրել զոհված, վիրավոր զինվորների ընտանիքների վիճակը: Հանձնարարական է տրվել ուսումնասիրել զոհված հերոսների ընտանիքների բնակարանների կարիքների հարցը: Նրանք, ովքեր վարձով են բնակվում Երևանում, մեր կողմից բնակարաններ կստանան: Այսինքն` եթե անհրաժեշտություն լինի, կապահովենք բնակարաններով»,-նշեց Տարոն Մարգարյանը:

Նա նաև հավելեց, որ հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը, որպեսզի հերոսների դպրոցներում ստեղծվեն նրանց անունը կրող անկյուններ:

«Սերունդը պետք է տեսնի, թե ինչ հերոսներ է տվել իր դպրոցը»,-շեշտեց քաղաքապետը` հավելելով, որ ծրագրերն իրականացնելու համար համայնքային բյուջեում կրճատումներ կիրականացվեն`մշակութային միջոցառումների հաշվին:

«Եթե հետագայում լինեն այլ առաջարկություններ, պատրաստ ենք քննարկել, թե որն է հնարավոր իրականացնել: Հետագա մեր ծրագրերում այս բոլոր ընտանիքները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»,-եզրափակեց քաղաքապետը: