Մեզ մոտ ևս ամբողջ ուշադրությունը լինելու է մեր երգչուհու վրա, իսկ թե նա կլինի միայնակ կամ նրա հետ կլինեն ևս մի քանիսը փոքրիկ գաղտնիք է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասացին հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը և Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:
Իվետա Մուկուչյանն ասաց. «Բեմադրության հետ կապված, ցավոք սրտի, չենք կարող փակագծերն ամբողջովին բացել, որովհետև որքան էլ մենք հիմա պատմենք՝ ինչ է կատարվելու բեմի վրա, լիարժեք կարծիք կկազմեք միայն այն տեսնելուց հետո: Կարող ենք ասել միայն, որ ինձ հետ լինելու են 5 բեկ-վոկալ երգչուհիներ: Շատ ուրախ ու հպարտ եմ, որ իրենք իմ կողքին են, որովհետև իրենց ձայները երբ հնչում են, ես ինձ ապահով եմ զգում բեմի վրա: Մենք համագործակցելու ենք նաև շվեդիայից ռեժիսոր աղջկա հետ, ով հետաքրքիր մտքեր ունի»:
Շարունակելով Իվետայի խոսքը Գոհար Գասպարյանն ասաց. «Գուցե դուք նրանց բեմում այդքան չնկատեք, բայց նրանց ձայները միանշանակ կլսեք, որովհետև սա այն երգերից մեկն է, որը պահանջում է երգչախմբային տպավորություն և այդ տպավորությունը մենք ստանալու ենք:
Շոու կոչվածը այսօր՝ այս թվային դարում, արվում է շատ նոր տեխնոլոգիաներով, մոդեռն, հետաքրքիր լուսային լուծումներով, հատուկ էֆեկտներով, թվային լուծումներով: Մեզ մոտ ամբողջ ուշադրությունը լինելու է մեր երգչուհու վրա, իսկ թե նա կլինի միայնակ կամ նրա հետ կլինեն ևս մի քանիսը, փոքրիկ գաղտնիք է: Այս տարի մենք շեշտը դնելու ենք մոնտաժային ներկայացման վրա: Այսինքն, երբ տեսնեք մեր բեմադրությունը, այն կարող եք նմանեցնել որևէ տեսահոլովակի. այնքան դինամիկ է մոնտաժված լինելու ուղիղ եթերում, այնքան հետաքրքիր կերպով է ներկայացված լինելու, որ մի պահ կթվա, թե տեսահոլովակ է, այնպես որ ելույթը հագեցված է գերժամանակակից տեխնոլոգիաներով և հենց դա է պատճառը, որ մենք համագործակցեցինք շվեդ ռեժիսորի հետ, ով բազմիցս աշխատել է շվեդական հայտնի նախագծերի հետ և մենք իր փորձառությանը վստահել ենք»:
Նշենք, որ երգչուհին նաև ասել է. «Գիտեք, պետք է հասկանալ մի բան, որ դրսում, ցավոք սրտի, շատերը չգիտեն անգամ Հայաստանը որտեղ է գտնվում: Հասկանալի է, որ ոչ ոք սիրտ չունի այս իրավիճակում գնա երգի, բայց ես համարեցի, որ ավելի ճիշտ է գնամ բեմ ու գոնե մի մասը, երգի սկզբի մասը փոփոխության ենթարկելով, աղոթքի խոսքերով երգեմ մեր տղաների համար: Եվ հանդիսատեսի մոտ ծագեցին բավականին հարցեր՝ ի՞նչ է կատարվում ձեզ մոտ, ինչպիսի՞ իրավիճակ է և դա քայլ էր, որը ցանկալի էր»: