“Dorians” ռոք-խումբն ու “Եվրատեսիլ 2013”-ի հայաստանյան պատվիրակությունը երեկ` մայիսի 7-ին, ժամանել են Շվեդիայի Մալմյո քաղաք, որտեղ եւ կկայանա երգի մրցույթը: 

“Եվրատեսիլ”-ի hայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ դեպի Շվեդիա թռիչքը շատ անվտանգ ու լավ է անցել.“Արդեն օդանավակայանում մեզ դիմավորեցին ուղեկցորդները եւ ուղեկցեցին Մալմյո: Ի դեպ, վերջիններս հայեր են, ինչի համար շատ ուրախ ենք. շատ կարեւոր է, թե ովքեր են օգնում այդ 13 օրվա ընթացքում, քանի որ նրանք քեզ հետ են ամեն օր, ամեն ժամ”:

Գոհար Գասպարյանը տեղեկացրել է նաեւ, որ անգամ Վրաստանի պատվիրակության ուղեկցորդներն են հայեր.“Նշանակում է` մեր հայրենակիցներն այստեղ իրենց այնքան լավ են դրսեւորել, որ անգամ այլ պատվիրակությունների են կցել”:

“Dorians”-ի ստեղնահար Արման Փահլեւանյանի փոխանցմամբ` արդեն իսկ հասցրել են ծանոթանալ այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ. “Բոլորը կարծես շատ լավ, ընկերական են տրամադրված միմյանց, ընդհանրապես չի զգացվում, որ առաջիկայում մրցելու ենք:)”:

Քանի որ երեկ հայաստանյան պատվիրակության համար հանգստի օր է եղել, մերոնք ամբողջ օրը շրջել են քաղաքով եւ ծանոթացել Մալմյոյին: “Քաղաքը շատ գեղեցիկ է, բայց միեւնույն ժամանակ` շատ փոքր, ինչը մեզ համար առավելություն է. իրար չենք կորցնում, ինչպես էլ շրջում ենք, վերջում հանդիպում ենք:)”,-մեզ հետ զրույցում պատմել է Գոռ Սուջյանը:

Խոսելով Կոպենհագենում մայիսի 10-ին կայանալիք համերգի մասին` Գոհար Գասպարյանը նշել է, որ “AmagerBio” ակումբում փոքրիկ “Եվրատեսիլ” է լինելու.“Այդ օրը “Dorians”-ի հետ ելույթ են ունենալու Վրաստանի, Ռուսաստանի, Լատվիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները”: 

armstar.am