Մարտական շքանշան ստացած առաջին հայ պատանին... «Սրբագրել մեր պատմությունը մենք այլևս չենք կարող, բայց գոնե դասեր առնել այն ամենից, ինչ եղավ՝ ուղղակի պարտավոր ենք»,- ասել է 1-ին հանրապետության ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, որի հետ իրոք հնարավոր չէ չհամաձայնել: Պատմությունը մեզ է հասցրել առաջին մարտական շքանշան ստացած հայ պատանու անունը: Նկարում 13-ամյա հայ կամավորական Նշան Սահակյանն է, որը 1914 թվականին Սարիղամիշի ճակատամարում իր քաջության համար պարգևատրվեց Գեորգիևյան խաչ շքանշանով:
1914-ի դեկտեմբերի վերջին թուրքական զորաբանակը անսպասելի կերպով անցնում է հարձակման, շրջանցում է Սարիղամիշն ու կտրում Սարիղամիշ-Կարս երկաթգիծը: Ռուսական հրամանատարությունը սկզբում չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, որից օգտվում են թուրքերը՝ դեկտեմբերի 26-ին մտնում են արդեն Սարիղամիշի արվարձանները, և քաղաքի մեջ կատաղի մարտեր են սկսվում: Սարիղամիշում մնացած ռուսական զորախմբերը, հայ կամավորական ջոկատներն ու տեղի հայ բնակչության աշխարհազորը կարողանում են կազմակերպել քաղաքամեջի ու երկաթուղային կայարանի պաշտպանությունը: Միակ ռադիոհաղորդիչը վնասվում է թուրքական արկի պայթյունից, և շրջափակման մեջ հայտնված Սարիղամիշի պաշտպանների ու ռուսական առաջապահ զորքերի միջև կապը կարողանում են ապահովել հայ կամավորականները: Նրանցից ամենախիզախը 13-ամյա Նշան Սահակյանն էր, ով անհավանական կերպով մի քանի անգամ կարողացել էր անցնել ճակատային գիծը և նորից ետ վերադառնալ:
Սարիղամիշում թեժ մարտերը ընթանում էին հինգ օր, որից հետո ռուսական առաջապահ զորքերը կարողանում են վերջապես վերադասավորվել, անցնել հակահարձակման ու վերացնել քաղաքի շրջափակումը: Սարիղամիշի պաշտպանության բազմաթիվ մասնակիցներ պարգևատրվում են շքանշաններով, որոնց թվում էր նաև հայ պատանի հերոս Նշան Սահակյանը: Ներկայացվող լուսանկարը տպագրված է եղել այն ժամանակվա անգլիալեզու պարբերականներից մեկում, ամենայն հավանականությամբ՝ ամերիկյան «Նեյշնլ Ջեոգրաֆիկ» ամսագրում: