Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց դիտողական սեմինար՝ քննարկելով ոչ բռնի պայքարի պատմական նշանակության դեպքեր, որոնք հասարակ քաղաքացիներին հնարավորություն են տվել իրենց ճնշող ղեկավարներին չհնազանդվել ոչ թե զենքի, այլ պայքարի խաղաղ եղանակների կիրառման միջոցով: Քաղաքացիական ոչ բռնի շարժումների հիմքում ընկած այս գաղափարն է արծարծում Լեհաստանի՝ անսասան թվացող կոմունիստական վարչակարգը ոչ բռնի քայլերի միջոցով թուլացնելու եւ փոխելու փորձի մասին պատմող վավերագրական կինոնկարը, որը ցուցադրվեց սեմինարում եւ, ինչպես նախորդ անգամ, դարձավ քննարկման առանցքը:

Հանդես գալով բացման խոսքով, ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը շեշտեց աշխարհում քաղաքացիական դիմադրության շարժումների փորձի ուսումնասիրման կարեւորությունը հայաստանյան իրականության մեջ ցանկալի փոփոխությունների հասնելու ձգտող քաղաքացիական նախաձեռնությունների համար: «1980-ին «Համերաշխություն» շարժումը Լեհաստանում արդյունաբերական գործադուլների միջոցով ստիպեց իշխող կոմունիստականվարչակարգին թույլ տալ ազատ արհմիությունների հաստատումն ու գործունեությունը: Արդյունքում շարժմանը հաջողվեց հանդես գալ որպես պահպանողական կաթոլիկներին, ձախակողմյան մտավորականներին, քաղաքական գործիչներին ու վաճառականությանը կապող օղակ եւ դառնալ ազդեցիկ քաղաքացիական ուժ, որը համադրված քայլերի ու  շարունակական ճնշումների միջոցով կարողացավ ստիպել կոմունիստական վարչակարգին նահանջել»,- նշեց Սարգսյանը:

Ծավալված քննարկումներին մասնակցող երիտասարդները ներկայացրին իրենց դիտարկումները՝ վերլուծելով  քաղաքական եւ սոցիալական միջավայրի նպաստավոր պայմանները, որտեղ անհնազանդության պայքարը՝ ժողովրդավար այլ ուժերի ու հոսանքների հետ համագործակցաբար, հաջողությամբ ավարտեց  բաց եւ  ժողովրդավարական համակարգի հաստատման գործընթացը: Որպես ամփոփում՝ մասնակիցները համաձայնեցին, որ նման նախաձեռնության բարեհաջող ելքը քաղաքացիական ոչ բռնի դիմակայության արդյունավետ մեխանիզմներով առաջնորդվող ուժերի համախմբման եւ մեկ միասնական օրակարգով գործելու մարտավարությունն է: