Ադրբեջանցի ծաղրանկարիչ Գյունդյուզ Աղաևի սույն աշխատանքն արտացոլում է ադրբեջանցի քաղբանտարկյալ, հայտնի հետաքննող լրագրող, ՛՛խղճի բանտարկյալ՛՛ Խադիջա Իսմայիլովայի ու Ադրբեջանի առաջին տիկին, պատգամավոր, բարեգործական հիմնադրի տնօրեն Մեհրիբան Ալիևայի միջև առկա հակադրությունն ու խորը անդունդը՝ չնայած որ երկուսն էլ առնչություն ունեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: Այսպես, Խադիջան օրերս արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հեղինակավոր՝ խոսքի ազատության նպատակով պայքարի համար տրվող մրցանակին, իսկ Մեհրիբանը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Ադրբեջանական անկախ մեդիա ռեսուրսներից մեկը հարց է բարձրացնում՝ ինչու Մեհրիբանը, ելնելով վերջինիս պաշտոնից ու դերակատարումից, մինչ օրս հարց չի բարձրացրել Խադիջային բանտից ազատելու համար: Հավելենք, որ վերջինս ճաղերի հետևում է հայտնվել Ադրբեջանի նախագահի ընտանիքի մութ գործերն ու օֆշորները բացահայտելու հետևանքով:
Անի Մարգարյանի ֆեյսբուքյան էջից: