Բանակում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված: Աժ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավորների հետ դռնփակ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով պաշտպանության ոլորտում տեղի ունեցած պաշտոնանկություններին:

Սեյրան Օհանյանն ասաց, որ բանակում հրամաններն ու որոշումները չեն քննարկվում, դրանք կատարվում են: «Ասեմ մեկ տողով՝ կադրային փոփոխությունները պահի հետ անկասկած կապ ունեն, միտված են մեր կառավարման համակարգը բարելավելուն, պատշաճ մակարդակի հասցնելուն: Քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, որովհետև քրեական պատասխանատվության ենթարկելի չեն: Պաշտպանության բանակը ԼՂ տարածքում իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել է, հասել է հաջողության, հակառակորդին զրկել է մարտավարական առավելություններից: Բանական այն կառույցը չէ, որ ասենք, որ ինքնուրույն գործողություններ չի իրականացնում»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով պատգամավորների հետ փակ հանդիպմանը՝ նախարարն ասաց, որ այն տեղի է ունեցել բանակ-խորհրդարան համագործակցության շրջանակներում:

«Այսօր մենք անցկացրել ենք փակ քննարկում, որի ընթացքում լսել ենք համապատասխան առաջարկներ, որոնց ուղղությամբ բանակն, անկասկած, վերլուծություններ է կատարելու: Մենք հետևություններ ենք անում հակառակորդի գործողությունների բնույթի շրջանակներում: Իրավիճակն առաջնագծում այսօր լարված է: Հայկական բանակը իր առջև դրված խնդիրներն իրականացնում է բարձր մակարդակի: Բանակում ծառայած, մարտական գործողություններին մասնակցած անձնավորությունները գիտակցում են՝ ինչ է մարտը, ինչ է հարձակողական խմբավորում հետ տալը, կրակի տակ ընկնելը: Բանակը, կրկնում եմ, իր առջև դրված խնդիրը կատարել է։ Իհարկե, իրավիճակն առաջնային գծում այսօր լարված է, և ցանկացած պահի կարող են ցանկացած գործողություններ լինել,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ այսօր ժամանակավոր հրադադար է:

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում Կառավարությունում վաղը քննարկվելիք նախագծին՝ Արցախի ճանաչման մասին, Օհանյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ: Այնուամենայնիվ, պաշտպանության նախարարը նշեց. «Ես իմ հայրենիքը միշտ էլ ճանաչում եմ»: