ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքից:
Լրագրողի հարցին, թե՝ «Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հարցում որևէ մեկնաբանություն կարո՞ղ եք տալ, կամ դա միայն հայերի ներքին հա՞րցն է, որին չեք կարող միջամտել», ի պատասխան` Մարկ Թոներն ասել է. «Խոսքը Հայաստանի խորհրդարանում այն ճանաչելու մասին է, լավ: Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում: Այսպիսով` մենք կոչ ենք անում կողմերին` կարգավորման սեղանի շուրջ հավաքվել բարի կամքով՝ այդ նպատակներին համապատասխանող կարգավորման հասնելու համար»: