ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Մայիսի 9-ը ոսկե տառերով է գրվել մեր ժողովրդի պատմության մեջ, գրվել է մեր հերոս պապերի ու հայրերի, քույրերի ու եղբայրների արյամբ, նրանց, ովքեր հայրենիքի ազատությունն ու անկախությունը վեր դասեցին ամեն ինչից եւ նահատակվեցին հանուն համազգային գաղափարների իրականացման: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում ու գործերում:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը, անցնելով բազում զրկանքների միջով, մյուս ժողովուրդների հետ պայքարեց դարի մեծագույն չարիքի` ֆաշիզմի դեմ եւ միասին տոնեց Մեծ Հաղթանակը:
Բազմապատկելով նրանց փառքն ու սխրանքը` մեր այսօրվա սերունդը հերոսության ու արիության հրաշքներ գործեց մարտի դաշտում եւ պաշտպանեց հարազատ Արցախը: Մենք ստեղծեցինք կանոնավոր ու մարտունակ բանակ, ազատագրեցինք հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին եւ այսօր էլ շարունակում ենք շենացնել մեր պապենական հողն ու հայրենի երկիրը` համայն հայության հետ ձեռք ձեռքի խորացնելով ու ամրապնդելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով, միասնաբար ու միակամ մենք կունենանք շատ ու շատ նվաճումներ ու ձեռքբերումներ, կարձանագրենք նոր հաջողություններ կյանքի տարբեր բնագավառներում:
Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս պանծալի Եռատոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաղթանակներն ուղեկից լինեն մեր ժողովրդին միշտ եւ ամենուր»: