Հայերս ավանդաբար նայում ենք Եվրոպային որպես քրիստոնեական միավորի, այնինչ այդ աշխարհամասը կառավարող քաղաքական վերնախավերը վաղուց արդեն դադարել են այդպիսին լինելուց: Հետևաբար տարակուսելի ոչինչ չկա, որ Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել պակիստանյան ծագումով մահմեդականը:
Ի դեպ, ըստ իս, մեզ անհրաժեշտ է հնարավորին արագ ազատվել այդ «զարմանքից» և հասկանալ, որ եթե Եվրոպան լիներ նույնիսկ խաչակրաց մոլեռանդ կայսրություն, միևնույն է՝ Հայաստանը շատ հեռու է այդ մայրցամաքից, իսկ, դիցուք, մեր անմիջական հարևան մահմեդական Իրանը շատ ավելի նպաստավոր և դրական դերակատարություն ունի հայաստանյան պետության ու ժողովրդի համար, քան թշանամական երկրում սեփական կորպորացիաների նավթային նկրտումների գերի Մեծ Բրիտանիան:
Այս առումով պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ աշխարհաքաղաքական շահերի առումով մոլորակը վաղուց արդեն չի տրոհվում քրիստոնեական և մահմեդական հատվածների, իսկ մենք, լինելով ամենահին քրիստոնյա պետությունը, շատ դեպքերում հենց մահմեդադավան երկրների թվում է, որ ունենք մերձավոր բարեկամներ և գործընկերներ:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից: