«Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթը հյուրընկալող Ստոկհոլմում մայիսի 6-ին կայացել է մասնակից երկրների մի շարք ներկայացուցիչների 2-րդ գլխավոր փորձը` առաջին կիսաեզրափակիչից առաջ: Այնուհետև մրցույթի պաշտոնական կայքը` wiwibloggs.com-ը, քվեարկություն է անցկացրել` պարզելու համար կայացած փորձի լավագույն ելույթը:
Քվեարկությանը մասնակցել է 8.341 մարդ, որոնց տված ձայների արդյունքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: Նրա օգտին է քվեարկել 2.428 մարդ: Մեր ներկայացուցչին հաջորդում է Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը` 1.021 ձայն ցուցանիշով: Մինչդեռ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան 144 ձայն ցուցանիշով դուրս է մնացել լավագույն 10-յակից` հայտնվելով 13-րդ հորիզոնականում:
«Իվետան բեմի յուրաքանչյուր սանտիմետրը լցնում է հանդգնությամբ ու գրավչությամբ: Նա ցուցադրում է գեղանի մարմինը, ցնցող ոտքերն ու փարթամ մազերը` փոքր- ինչ նմանվելով Բեյոնսեին: Հոլոգրամների, պիրոտեխնիկայի, լույսի ու օպերատորական ճիշտ աշխատանքի շնորհիվ Հայաստանի ներկայացուցիչը հայտնվեց առաջին հորիզոնականում: Իվետան չափազանց լավն է»,- գրում է wiwibloggs.com-ը հայուհու ելույթի վերաբերյալ: