Եվրոպական հեռարձակողների միությունը հետաքննում է «Եվրատեսիլ-2016» մրցույթի առաջին կիսաեզրափակչին ընդառաջ` անցյալ գիշեր տեղի ունեցած փորձի քվեարկության ժամանակ ռուսաստանյան ժյուրիի անդամի նկարահանած և հրապարակած տեսանյութը:
Եվրոպական հեռարձակողների միության և ռուսական հեռարձակող РТР ընկերության միջև կառուցողական բանակցություններից հետո РТР-ն առաջարկել է հետ կանչել ժյուրիի համապատասխան անդամին, ով պատրաստել է տեսագրությունը: Արդյունքում ԵՀՄ-ն անվավեր է ճանաչել ժյուրիի տվյալ անդամի քվեարկությունը, մյուս 4 անդամների ձայնն ընդունվել է: РТР-ը հնարավորություն կունենա փոխարինել ժյուրիի 5-րդ անդամին մայիսի 14-ին կայանալիք եզրափակչի ժամանակ:
ԵՀՄ-ին հղված ուղերձում ռուսաստանյան հեռարձակողը ափսոսանք է հայտնել կատարվածի համար և ներողություն է խնդրել հոլանդական AVROTROS և հայկական AMPTV ընկերություններին` նրանց կատարումները օնլայն հեռարձակելու համար:
ԵՀՄ-ն կանոնակարգի խախտում է համարում օնլայն տեսանյութերի հրապարակումը ժյուրիի անդամների կողմից, քանի որ անհատական կամ միասնական գնահատականները և ժյուրիի թվանշանները գաղտնի են պահվում մինչև եզրափակչի ավարտը: