«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել Գյումրիում։ Դեռահասների միջև ծագած վեճի արդյունքում դանակահարություն է տեղի ունեցել։ Տուժողը 17-ամյա Վանիկ Կակոսյանն է։ Մեր տեղեկություններով, նա սպորտով է զբաղվում և ֆիզիկապես ուժեղ երիտասարդ է, ուղղակի հարվածն անսպասելի է եղել, և նա չի հասցրել դիմադրել։ Տղան վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Ըստ հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի, ծանր թափանցող վնասվածք է ստացել: «Հիվանդը անմիջապես վիրահատվել է։ Այս պահին նրա վիճակը բարդ է, բայց ստաբիլ»։

Դանակահարության փաստի առթիվ հարուցված է քրեական գործ։ Մեզ հայտնի է, որ կասկածյալները մի քանիսն են։ Նրանց թվում են Գյումրիում հայտնի գող Սուրոյի քրոջ որդին և նրա ընկերները։ Մյուս վարկածի համաձայն, որը տարածվել է քաղաքում, Վանիկ Կակոսյանին դանակահարողը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի 13-ամյա որդին է։ «Չէին սպասում» հաղորդումից, որի հյուրը Մարտուն Գրիգորյանն էր, հիշում ենք նրա որդու խաղալիքները։ Դրանք հիմնականում զենքի տեսակներ էին։

Գյումրեցիները վստահեցնում են, որ երեկ Մարտուն Գրիգորյանը 4 ժամ անցկացրել է ոստիկանությունում, իսկ նրա հայրը տուժողին տեղափոխել է հիվանդանոց։ Եվ այս հանգամանքը ևս կասկածների հիմք է, որ մինչ պատգամավորի հայրը հիվանդանոցում էր հարցեր լուծում, Գրիգորյանը փորձում էր «խոսել» ոստիկանների հետ։ ԱԺ պատգամավորը, սակայն, հերքում է այս ամենը, վստահեցնելով, որ իր դեմ են գործում իր քաղաքական հակառակորդները։ Նա ասում է, որ իր որդին կապ չունի միջադեպի հետ։ «Կատարյալ սուտ է, չկա նման բան», -ասաց նա։

Հարցին, թե ինչու է իր հայրը հիվանդանոց տեղափոխել դանակահարված երիտասարդին, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Վանիկը իմ տղայի ընկերն է, մեր թաղի երեխա է»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: