Առողջապահության նախարարությունում երեկ մինչև ուշ գիշեր «Էրեբունի» հիվանդանոցում գտնվող երկու վիրավոր զինծառայողների ծնողների հետ քննարկել են վիրավորներին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Մուրադյանը:
Նախարարաը մանրամասնել է՝ ասելով. «Երեկ մինչև ուշ գիշեր զինծառայողներ Ռուբեն Առաքելյանի և Արման Լազգիյանի ծնողների հետ հանձնաժողովի ներկայությամբ քննարկվել է հարցը՝ արդյոք նրանք այսօր պատրաստ են տեղափոխման, արդյոք Հայաստանում սպառված են բուժօգնություն ցուցաբերելու բոլոր ռեսուրսները: Ծնողները հայտնեցին իրենց տեսակետները: Իհարկե՛, մենք այս հարցում չենք կարող զերծ մնալ հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք և՛ ծնողներից, և՛ հարազատներից, բայց շատ սթափ կարողացանք քննարկում ծավալել»:
Չնայած Արմեն Մուրադյանի պնդմանը, թե Հայաստանում հնարավոր են բուժման այն եղանակները, որոնք նրանք տեսնում են արտերկրում, սակայն ծնողները ցանկություն են հայտնում ամեն դեպքում տեղափոխել:
Առողջապահության նախարարության աշխատանքն այստեղ կլինի այդ ամբողջ գործընթացն ապահովելը, աշխատանքները կկազմակերպվեն նաև բարերարների հետ:
«Երկու վիրավորները թթվածնից կախվածություն ունեն, Արմանի ջերմությունը երեկ եղել է 38 աստիճան, պառկելախոց ունի, Ռուբենն էլ «սպինալ շոկի» փուլում է, և վտանգները դեռևս բարձր են, ռիսկերը բացատրվել են ծնողներին: Ամեն դեպքում, ծնողի և զինծառայողի իրավունքն է՝ իր բուժումը շարունակել Հայաստանում կամ արտերկրում, և մենք այդ ընթացքում տղաների կողքին են լինելու»,- մանրամասնեց նա: