Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

Սիրելի՛ վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ ու նաև մեզ՝ բոլորիս, Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր է, կրկնակի տոն: Հայրենական Մեծ պատերազմում մեր պապերից շատ-շատերի կյանքի գնով նվաճված հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ անհնար է հաղթել այն զինվորին, ով պաշտպանում է սեփական հայրենիքը, տունն ու օջախը: Բնույթով խաղաղասեր հայը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ սեփական հայրենիքի հանդեպ նվիրվածությունն ու սերը պատրաստ է նաև մարտի դաշտում արժանապատվորեն ապացուցել ու, հարկ եղած դեպքում, նաև զենքով պաշտպանել այն, ինչն իրեն է փոխանցվել իր նախնիներից՝ հերթական անգամ փառքով պսակելով հայի անունը:


Արցախյան ազատամարտի ելած մեր նորօրյա ֆիդայիներին ու մեր հերոս ազատամարտիկներին էլ էր այդ հաղթանակը ոգեշնչում ու, բազմապատկելով նրանց ուժը՝ հարթում մեր գոյամարտի հերթական հաղթանակի ճանապարհը:


Փառահեղ հաղթանակների այս օրը մենք նաև երախտիքի մեր խոսքն ենք ուղղում ու խոնարվում այս հաղթանակների կերտմանը իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առջև: Հավերժ փառք նրանց պայծառ հիշատակին:

Սիրելի՛ վետերաններ,

Մեկ անգամ ևս շնորհավորելով պանծալի տոնի կապակցությամ՝ խաղաղ երկինք, քաջառողջություն ու երկար կյանք եմ մաղթում ձեզ: Ձեր փորձառությունն ու խոհուրդները մեզ շատ են հարկավոր: Վստահեցնում եմ, որ անձամբ ես ու Երևանի քաղաքապետարանը միշտ լինելու ենք ձեր կողքին: