Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևանում գործող գիշերային ակումբներից մեկում 2016թ. ապրիլի 17-ին տեղի ունեցած խուլիգանության բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։
2016թ. ապրիլի 17-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող գիշերային ակումբներից մեկի մոտ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել միմյանց հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկաներով՝ գետնից վերցրած քարերով և փայտերով, բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 20.04.2016թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, մասնակիցների շրջանակը, առգրավվել են գիշերային ակումբի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել ակումբի աշխատակիցները, հաճախորդները, ծառայությունն իրականացրած ոստիկանները։
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննության տվյալներով՝ գիշերային ակումբում վիճաբանությունն սկսվել է կենցաղային շարժառիթով՝ երկու երիտասարդների միջև, որին հետագայում միացել են նաև նրանց ընկերները և հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է դրսում՝ ակումբի մոտ՝ վերաճելով խուլիգանության։
Մայիսի 16-ի դրությամբ՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ։ Մասնավորապես՝ տեղի ունեցած խուլիգանությանը մասնակցելու կասկածանքով ապրիլի 29-ին ձերբակալվել է երկու անձ՝ Ռ.Թումանյանը և Վ.Վարդանյանը, որոնց մայիսի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որոնք դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հետ է վերցրել և մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Ապրիլի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է դատախազի ցուցումը՝ խուլիգանությանը մասնակցելու կասկածանքով քաղաքացի Գ.Գրիգորյանին անհապաղ ձերբակալելու մասին, ինչպես նաև՝ դատախազի որոշումները՝ Գ.Արսենյանին, Ա.Ներսիսյանին ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
2016թ. մայիսի 11-ին` ժամը 16:10-ին, Գ.Արսենյանը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» սահմանային անցակետում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը նրան մայիսի 14-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է։
Մայիսի 16-ին որոշումներ են կայացվել՝ Գ.Գրիգորյանին և Ա.Ներսիսյանին նույն հոդվածով՝ ՀՀ քրեական օրնեսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և միջնորդություններ ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Նկատի ունենալով, որ վերջիններիս գտնվելու վայրն անհայտ է՝ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է։