Եթե զուտ պետք է մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետևյալը, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հա-ի չափ, որը մեկ հազարերորդն էլ չի կազմում: Այս մասին Վիեննայից վերադառնալու ճանապարհին լրագրողներին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես նշել է նա, ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն:
«Զուտ հոգեբանական առումով, այո ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են, բայց ուզում եմ մի համեմատություն անեք 800 հեկտար և յուրաքանչյուր հեկտարի համար, ենթադրենք, մեկ զոհ երկու վիրավոր, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն, բայց նույնիսկ եթե կես զոհ մեկ վիրավոր՝ էլի շատ են:
Համեմատեք, տեսեք այդ 800 հազար հեկտարը գրավելու համար ինչքա՞ն զոհ պետք է տային: Երբ ես ասում եմ՝ մեր Զինված ուժերն իրենց խնդիրը կատարեցին, հավատացեք, մեր Զինված ուժերն ի վիճակի էին այդ ստատուս-քվոն վերականգնել: Ընտրության խնդիր էր՝ արդյոք արժե՞ր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35-40 կամ ևս 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու:»,- ասել է նախագահը: