ՀՀ վարչապետի հանձնարարականի աշխատանքներն սկսված են, ընթանում են ինտենսիվորեն: Գործադիր մարմնի այսօրվա նիստին այսպիսի հայտարարություն արեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Ավտոմեքենաների կրճատումը կլինի փուլային եղանակով: Մասնավորապես, առաջին փուլով կկրճատվի 797 մեքենա: Մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ, բացի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև աշխատել ենք բոլոր առընթեր մարմինների՝ բացառությամբ Ոստիկանության, Ազգային անվտանգության և քննչական, ինչպես նաև փրկարար ծառայության»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ առընթեր մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա: «Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ առաջարկում են ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել կառավարության հաջորդ նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինեն բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների վերոնշյալ քանակի նվազեցումն ու կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը:
«Ի լրումն նշածիս՝ նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով առաջինը՝ արգելվում է սպասարկող, այսինքն՝ հերթապահ մեքենաների ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձին: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկվող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ: Երկրորդ՝ բոլոր նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է տեղեկատվություն զետեղվի, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը: Երրորդ՝ պետք է արգելվի ծառայողական նպատակները օգտագործելու համար պետական ոչ առևտրային կազմակերպություններին, ՓԲԸ-ներին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին: Ավտոմեքենաների կրճատման աշխատանքները շարունակվում են»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Բացի այդ, ըստ նրա, առաջարկվում է, որպեսզի բյուջետային միջոցները խիստ նպատակային և արդյունավետ օգտագործվեն։
«Միջծրագրային, միջեռամսյակային, միջհոդվածային, ներհոդվածային, այդ թվում՝ գնումների անվանացանկի փոփոխությունները, բոլոր այդ վերաբաշխումները համաձայնեցվելու են վարչապետի հետ»,- ասաց Դավիթ Հարությունյանը: