ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է 24-ամյա Տարոն Մադաթյանի նկատմամբ սպանության փորձ իրականացրած անձի ինքնությունը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. մայիսի 17-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ ձախ ազդրի ներսային հատվածի և որովայնի երկկողմանի հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է ընդունվել Տարոն Կարենի Մադաթյանը (ծնվ. 1992թ.): Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հրազենային մարմնական վնասվածծքները պատճառվել են Երևան քաղաքի Դանիել Վարուժան և Իսրայել Օրի փողոցների խաչմերուկում, որտեղ նա գնացել էր հանդիպելու իր ծանոթին՝ Ֆ.Ավագյանին։
Նախնական տվյալնելով՝ վերջինս հրազեն հանդիսացող ատրճանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, երկու կրակոց է արձակել Տարոն Մադաթյանի ուղղությամբ, որից հետո իր վարած՝ «BMV X6» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ Ֆ.Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: