«Պետք է արձանագրենք, որ ՀՀԿ-ն ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո որևիցե կերպ դասեր չքաղեց և շարունակում է այն ապօրինությունները, որն այս մեր անկախության տարիների ընթացքում միշտ եղել է օրակարգում իշխող կուսակցության համար: Նախկինում ՀՀՇ-ն էր, հետո էստաֆետը փոխանցվեց ՀՀԿ-ին». այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցնների ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա նաև անդրադարձավ ՀՀ նախագահի ինքնաթիռում տված հարցազրույցին՝ նշելով, որ Սարգսյանը հարցազրույց է տվել իշխանությանը հավատարիմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին և մոնտաժված տարբերակով հրապարակել է այն, ինչ ինքը ցանկանում էր:
Զարուհի Փոստանջյանը խոսեց նաև սահմանին տիրող անդորրի մասին՝ համարելով այն ժամանակավոր:
«Սպառնալիքը ստեղծում է, ձեռնտու է գերտերություններից մեկին՝ Ռուսաստանին, որը ցանկանում է, որ Ադրբեջանը դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ: Պարտադրված պատերազմն ընթանում է, մենք չպետք է համակերպվենք այս իրավիճակի հետ:
Այդ 800 հեկտարի պատճառով մենք ունենք դատարկված գյուղ, ռմբակոծության տակ գտնվող Մարտակերտ, լուրջ խնդիրներ անվտանգության հետ: Մեր արևելյան ամբողջ սահմանն այս պատճառով խոցելի է»,- նշեց նա: