ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2012 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ին պատկանող «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը ներկայացվել է շատ ավելին։
Նախնական քննությամբ պարզվել է, որ «Սիրարփի» ՓՀԷԿ-ը 2011 թվականի հունիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքել է էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր։ Նշված ՓՀԷԿ-ը կառուցվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերության կողմից, որի տնօրենը հանդիսացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Ա.Գաբրիելյանի կինը։
2012 թվականի օգոստոսի 18-ին «Սիրարփի» ՓՀԷԿ-ի հաշվիչը փոխարինվել է նորով, որը հնարավորություն է տվել իրականացնել հեռահար միջամտություն: Արդյունքում՝ 2012 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի» ՓՀԷԿ-ի հաշվիչի նկատմամբ հեռահար եղանակով տեխնիկական միջոցների և համակարգչային ծրագրերի գործադրմամբ իրականացվել է կողմնակի միջամտություն՝ փոփոխելով հոսանքի և լարման տրանսֆորմատորների տրանսֆորմացիաների գործակիցները, որի արդյունքում «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի ծավալը իրականից ավել է ներկայացվել:
Կատարված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գործակիցների հեռահար փոփոխությանն անմիջական մասնակցություն է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ նախնական համաձայնության գալով ՓԲԸ-ի՝ տնօրենի իրացման գծով տեղակալ Արսեն Գաբրիելյանի հետ, ում անմիջական ենթակայության տակ է գործել Ռ.Պիվազյանը։
Քննության տվյալներով՝ կողմնակի միջամտության արդյունքում իրականից ավել ներկայացված էլեկտրաեներգիայի ծավալը կազմել է 3.810.188 կՎտ./ժ, որի արժեքը կազմում է 95.694.000 ՀՀ դրամ, ինչը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վճարվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությանը և խարդախությամբ հափշտակվել։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արսեն Գաբրիելյանին և Ռուդիկ Պիվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: