ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` դանակով շտապ օգնության ավտոմեքենայի, ապա նաև` ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու դեպքի առթիվ:

2016թ. մայիսի 20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ Ն. Եղյանը ժամը 16:00–ի սահմաններում իրենց տանը դանակով վնասել է ինքն իրեն, որից հետո ոչ սթափ վիճակում, դանակով հարձակվել կանչով իրենց տուն մեկնած շտապօգնության ավտոմեքենայի վրա, հայհոյել բուժաշխատողներին, սպառնացել, դանակով վնասել ավտոմեքենայի դիմապակին:

Նախնական տվյալներով` տղամարդը դանակով հարվածել է նաև ոստիկանության աշխատակցի դաստակների հատվածին, ով դեպքի վայր էր մեկնել` բուժաշխատողների վրա կատարված հարձակման ահազանգն ստանալուց հետո:

Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում մայիսի 20-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքիի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Ն. Եղյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: