ԱԺ պաշտպանության, Ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ԱԻՆ-ի մասով Ջանջուղազյանը հիշեցրեց, որ հաշվետու տարում ԱԻՆ-ը Տարածքային կառավարման նախարարության հետ միացված էր, որից հետո տեղի ունեցան կառուցվածքային փոփոխությունները և, ըստ այդմ էլ, գումարները կներկայացնեն որպես միասնական մարմին:
Ըստ նրա՝ ՏԿԱԻՆ-ին հատկացված է եղել 23,2մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 99,2 %, այսինքն՝ 23,1 մլրդ չափ օգտագործվել է:

Հիմնական մասը հատկացվել է փրկարար ծառայությանը՝ 7,4 մլրդ-ը: 35 ծրագիր է իրականացվել ՏԿԱԻՆ-ի կողմից: Գերատեսչությանը հատկացվել է ևս 78 մլն դրամ պահուստային ֆոնդից, որը հիմնականում օգտագործվել է:

Ըստ Ջանջուղազյանի՝ ոստիկանության բյուջեով հաշվետու տարում նախատեսված է եղել իրականացնել 26 ծրագիր, և կառավարության պահուստային ֆոնդից նույնպես միջոցներ են նախատեսվել և օգտագործվել են: Ըստ նրա՝ ոստիկանության բյուջեն կազմել է 64, 8 մլրդ դրամ, կատարողականը՝ 9,9 տոկոս:

Հիմնական մասը՝ 30,4 մլրդ, օգտագործվել է հասարակական կարգը պահպանելու և ապահովելու համար: Բացի այդ պետական կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության համար 10,4 մլրդ է օգտագործվել: Ճանապարհային ոստիկանության արտաբյուջեն 13,4 մլրդ դրամ է կազմել, որն ամբողջությամբ օգտագործվել է: 232մլն դրամ էլ նախատեսվել է պահուստային ֆոնդից հատկացնել:

ԱԱԾ համար 2015թ-ի համար նախատեսվել է 17,5 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 97,8 տոկոս: