ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
«ՀՀ զինդատախազության, Պաշտպանության նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ քննարկման արդյունքում, Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը, Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու, նման ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան իրավական գործընթաց իրականացնելու խնդրանքով»,–ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Facebook-ում տարածում էին գտել Լեհաստանում, մասնավորապես՝ Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում վաճառվող պահածոների լուսանկարներ, որոնք նախատեսված են եղել ՀՀ ԶՈւ զինվորների համար: