Ալավերդու Զորավար Անդրանիկի 22 շենքի բակում երեկ խորհրդավոր լարվածություն էր: Այստեղ էր մայիսի 19-ի գիշերը ժամը 4:30-ին, ըստ ոստիկանության հաղորդած տվյալների, Վարդան Փիրուզյանի հրազենային կրակոցներից սպանվել Վարդան Ավագյանը, իսկ Էդուարդ Պողոսյանը ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն վիրահատությունից հետո մահացել էր հիվանդանոցում:
Շենքի բակում հանդիպեցինք Վարդան Փիրուզյանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին: «Իմ փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է, որ ես առանց իրեն տեղյակ պահելու ոչ մեկի հետ չխոսեմ: Ես Ձեզ միայն մի բան կասեմ՝ իմ եղբայրը անմեղ է: Մեր պադեզդի մոտ հարձակվել են եղբորս վրա և ուզեցել են սպանել: Եղբայրս էլ հարձակվողների զենքով իրենց է սպանել»,- հայտնեց Կամո Փիրուզյանը: Վարդան Փիրուզյանը փախուստի մեջ է:
Զորավար Անդրանիկի 22 շենքում վախի մթնոլորտ էր: Բնակիչներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, դժգոհեց. «Եկել են Վարդան Փիրուզյանին իր տան դռան սպանելու՝ ահ ու սարսափի մեջ են գցել ամբողջ բնակիչներիս»: «Ես առաջին հարկում եմ ապրում, պատկերացնո՞ւմ եք, գիշերը վախենում եմ տանս քնել»,-դժգոհեց մեկ այլ հարևան: Ոստիկանության Թումանյանի բաժինը շենքի բակում հսկողություն էր սահմանել: Հսկողության տակ էր նաև 2015թ. հունիսի 7-ի ընտրությունների Ալավերդու քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի հայրական տունը: Վերջինս վկայում էր, որ իրավապահները սպանությունները կանխավ որակել են հետընտրական «ռազբորկայի» հետևանք:
Դեպքի համար շենքի բնակիչները մեղադրում էին սպանվածներին: Բնակիչները խնդրում էին չհրապարակել իրենց անունները: Պատմեցին, որ Վարդան Փիրուզյանի հետևից միայն 2 սպանվածները չեն եկել: Էլի մարդիկ են եղել, ուզեցել են Վարդանին դնել իրենց ավտոմեքենայի բեռնախցիկում և տանել: Կրակոցներից հետո մյուսները փախել են: Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրություններին Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար մրցակցել են Հանրապետական կուսակցության թեկնածու Կարեն Փարեմուզյանը և անկուսակցական Արթուր Աբգարյանը: Արթուր Աբգարյանը Ալավերդիում գրանցված «Լալվարի» քարհանքի սեփականատեր Կամո Աբգարյանի որդին է: Կամո և Տարոն Աբգարյանները Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մերձավոր շրջապատից են: Սակայն, դատելով մարզպետի հեռուստաելույթներից նախընտրական շրջանում, Արթուր Աբգարյանի թեկնածության առաջադրումը մարզպետի սրտով չի եղել: Հունիսի 7-ի ընտրությունից հետո թեկնածու Արթուր Աբգարյանի ընտանիքը ենթարկվել է ճնշումների: «Ընտրությունից մեկ ամիս անց անջատեցին մեր քարի արտադրամասի էներգիան: Երկու ամիս մենք չէինք կարողանում աշխատել, արտադրամասի 60-ից ավելի աշխատողներ պարապուրդի մեջ էին: Միայն վերևների միջամտությամբ միացրին մեր արտադրամասի էներգիան: Իմ որդիները թոռներիս հետ ընտրությունից մեկ ամիս հետո հեռացել են Ալավերդուց: Մեղավորները դրա համար պատասխան են տալու»,- ասում է Կամո Աբգարյանը:
Վարդան Փիրուզյանը հունիսի 7-ի ընտրություններին աշխատել է Արթուր Աբգարյանի շտաբում: Նա քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի մանկության ընկերն է: Կարեն Փարեմուզյանի նախընտրական աշխատանքներում Հանրապետական կուսակցության կողմից ընդգրկվել է ալավերդցի Վահագ Աբգարյանը: Մայիսի 19-ին Զորավար Անդրանիկի 22 շենքի բակում Վարդան Փիրուզյանի կրակոցներից սպանված Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը Ալավերդիում հայտնի են որպես Վահագ Աբգարյանի թիկնապահներ: Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Անտոնյանը նույնպես աշխատել է Արթուր Աբգարյանի թիմում: Նա 2015թ.-ի հոկտեմբերի 11-ին ժամը 20:10-ի սահմաններում Ալավերդի-Թբիլիսի ճանապարհի 16-րդ կիլոմետրի հատվածում` Ախթալա քաղաքի կամջրի վրա, ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող Վահագ Աբգարյանի զրահապատ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի և նրան ուղեկցող «Նիսան Տեանա 280 JK» մակնիշի ավտոմեքենայի վրա: Վ. Անտոնյանը ընկերական հասրաբերությունների մեջ է եղել Վարդան Փիրուզյանի հետ: «Վարդանը եթե ուզենար Վահագ Աբգարյանին սպանել, նրա վրա կկրակեր մի թաքուն տեղից: 2015թ. հոկտեմբերի հրազենային կրակոցներից առաջ Վահագը Վարդանենց պադեզդում դաժանորեն ծեծել է Վարդանին, խփել է գլխին, շենքի բակում իր ավտոմեքենան քշել է նրա վրա: Վարդանն էլ Վահագից վրեժ լուծելու համար հոկտեմբերի 11-ին կրակել է նրա զրահապատ «Համերի» և թիկնապահ ավտոմեքենայի վրա»,- պատմեց Վ. Անտոնյանի հարզատներից մեկը: Վերջինիս ասելով՝ Վ. Անտոնյանի շենքի բնակիչները վախից հրաժարվում են խոսել Վահագի կողմից իր ավտոմեքնան Վարդանի վրա քշելու և նրան ծեծելու մասին: «Կան մարդիկ, ովքեր Ալավերդիում դիտավորյալ շրջանառում են, որ Վարդան Անտոնյանին զենքը մենք ենք տվել: Դա նրանց կողմից նպատակ է հետապնդում մեզ զրպարտել»,-ասում է Կամո Աբգարյանը: Վահագ Աբգարյանին հանդիպել մեզ չհաջողվեց:
Հետընտրակա՞ն, թե՞ քրեական ռազբորկանների հետևանք են մայիսի 19-ի Ալավերդու Զորավար Անդրանիկի 22 շենքի բակում տեղի ունեցած կրակոցները: Այս մասին Ալավերդիում խուսափում են բարձրաձայն խոսել: Հայտնի է մի բան՝ գործարար Կամո Աբգարյանի որդու՝ Արթուր Աբգարյանի 2015թ. հունիսի 7-ի քաղաքապետի ընտրություններում ստացած 3500 քվեները քրեական հանցագործությունների պատճառ են դարձել:
Աղբյուրը՝ hetq.am