Այսուհետ ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու «Կենտրոն» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Դեպի Ռիո» հաղորդաշարի թողարկումները, որտեղ ներկայացվում են հայրենական սպորտի կարևորագույն իրադարձությունները և նորությունները գալիք Օլիմպիական խաղերի համատեքստում:
ՀԱՕԿ հետևողական աշխատանքը Հայաստանին ու հայ ժողովրդին պարգևում է հերթական չեմպիոնական տիտղոսը: Հայ մարզիկների հաղթանակները շարունակվում են, իսկ մեր եռագույնը բոլորից վեր է ծածանվում մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 4 մեդալ, որոնցից մեկը՝ ամենաբարձր հարգի:
Գաղտնիք չէ, որ մենք մեր մարմնամարզիկներից լուրջ ակնկալիքներ ունեինք Եվրոպայի առաջնությունում: Անցել են այն ժամանակները, երբ մենք միայն երազում էինք մեդալների մասին, ու մասնակցությունն արդեն հաղթանակ էինք համարում:
Այսօր ՀԱՕԿ-ի և մեր ֆեդերացիաների համատեղ արդյունավետ աշխատանքների արդյունքում մենք ցանկացած մրցաշարի մեկնում ենք ամենաբարձր հարգի մեդալ նվաճելու համար, ու պատահական չէ, որ մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեկնած մեր 6 մարզիկից 4-ը հայրենիք է վերադառնում մեդալով, ընդ որում՝ այդ մեդալներից մեկն ամենաբարձր հարգի է, իսկ մյուս երեքը՝ արծաթե: