Հունական ավանդական սառը սոուս-խորտիկ ձաձիկի. այն նրբագույն ու անուշահամ հրաշք է: Այն շատ համահունչ է տաք հացի, կարտոֆիլի, տապակած ձկի, խորոված կամ տապակած մսի, բանջարեղենների և աղցանների հետ:
Ներկայացնում ենք այս հրաշք սոուսի պատրաստման եղանակը.
Մեզ անհրաժեշտ կլինի՝
- մեծ թարմ վարունգ
- 2 պճեղ սխտոր
- 2 ճգ որակյալ ձիթապտղի յուղ
- 500 գր ոչ քաղցր խիտ յոգուրտ
- թարմ սամիթի փոքրիկ կապոց
- թարմ անանուխի մի քանի տերև
- 1 լիմոն
- 1 թգ չորացրած անանուխ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը՝
Բաժանեք վարունգը երկու մասի և գդալով հանեք միջուկը, քանի որ այն պարունակում է ջրային մեծ մաս, իսկ մնացած մասն անցկացրեք քերիչով:
Քերած վարունգը դրեք քամիչի մեջ, ավելացրեք աղ և թողեք մի քանի ժամ կամ գիշերը, որպեսզի այն մաքսիմալ ջրազրկվի: Կարող եք մի քանի անգամ խառնել:
Սխտորն անհրաժեշտ է մանրացնել և մեծ տարրայի մեջ խառնել ձիթապտղի յուղի հետ: Կարելի է այս խառնուրդը ևս մի քանի ժամով հանգիստ թողնել, որպեսզի համն ավելի հագեցված լինի:
Երբ վարունգի հեղուկի մեծ մասը կհոսի, անհրաժեշտ է այն դնել սրբիչի վրա և զգուշորեն չորացնել: Այնուհետև խառնել սխտորի խառնուրդի հետ ու ավելանել յոգուրտը և խառնել մինչև միատարր զանգված դառնալը:
Ավելացնել մանրաված սամիթն ու անանուխի տերևները, լիմոնի քամված հյութը: Ավելացնել աղ՝ ըստ ցանկության:
Հիանալի սոուսը պատրաստ է: Կարելի է մատուցել:
YN.am-ը մաղթում է բարի ախորժակ, իսկ հետևելով մեր «խոհանոց» անկյունին կարող եք գտնել բազմաթիվ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր:
Նշենք, որ Հունաստանում օգտագործվող յոգուրտը կարելի է փոխարինել մեր խոհանոցում կիրառվող քամած մածունով: