«168 Ժամ» թերթը գրում է.

«Այսօր Գերմանիայի խորհրդարանում քննարկվելու և քվեարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Մեծ է հավանականությունը, որ այս անգամ այն կարող է ընդունվել, չնայած հատկապես վերջին օրերին Թուրքիայի կողմից Գերմանիայի նկատմամբ հնչեցվող տարբեր սպառնալիքներին ու ճնշումներին:

Իհարկե, պետք չէ բացառել նաև, որ հաշվի հառնելով հենց այդ` վերջին հանգամանքը, փախստականների հարցով Թուրքիայի կողմից Գերմանիային ներկայացվող վերջնագրերը, կարող է քաղաքական որոշում կայացվել՝ որևէ ձևակերպմամբ բանաձևի ընդունումը մերժելու կամ հետաձգելու մասին: Հայաստանում, բնականաբար, հետևում են Բունդեստագում սպասվող այդ իրադարձությանը, հետևում են` սպասումով, որ Գերմանիայի խորհրդարանն ի վերջո կընդունի պատմական եղելությունը և իրերը կկոչի իրենց անուններով:

Բայց այդ հետևման ու սպասումի մեջ արտահայտված է առավելապես հուզականությունը, որն իր հերթին՝ կանխորոշում է Բունդեստագի կողմից Ցեղասպանության ճանաչմանը կամ այդ օրինագծի մերժմանը հաջորդող արձագանքը Հայաստանից:

Կարելի է գրեթե վստահաբար պնդել, որ, եթե Բունդեստագն ընդունի այդ բանաձևը, ապա հաշված րոպեների ու ժամերի ընթացքում Հայաստանի քաղաքական շրջանակները, առաջին հերթին՝ իշխանությունները, մտավորականները, սփյուռքահայերն ու մյուսները, հանդես կգան Գերմանիային ուղղված ներբողներով, գերմանացիները կհռչակվեն՝ որպես երկրագնդի ամենաարդարամիտ ու ազնիվ էթնոսի ներկայացուցիչներ, Նիցշեի ու Բեթհովենի արժանի հետևորդներ:

Եթե ինչ-ինչ պատճառներով տեղի ունենա հակառակը` Բունդեստագը չընդունի այդ բանաձևը, ապա նույն շրջանակները, առաջին հերթին՝ իշխանության ներկայացուցիչներն ու մյուսները, անարգանքի սյունին կգամեն Գերմանիային` հիշեցնելով, թե ինչպես էին ժամանակակից գերմանացիների ֆաշիստ նախնիները Հոլոքստի ենթարկում հրեաներին: Եթե այս մոտեցումը նորմալ է հանրային, կենցաղային մակարդակում, ապա անթույլատրելի է պետական քաղաքականության պարագայում:

Մինչդեռ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, մեծ հաշվով, էմոցիայից բացի, ոչինչ չկա: Ռազմավարությունների, հաշվարկված քայլերի, տարբեր երկրների հարաբերությունների ու շահերի փոխկապակցվածության հիման վրա կառուցված քաղաքականության բացակայությունը Հայաստանի դիվանագիտությունը լրացնում է հենց էմոցիայով` ոչ հայանպաստ իրավիճակներում խռովելով միջազգային հանրությունից, դրական ելքի դեպքում` ոգևորության ճիչեր արձակելով:

Տարիներն ու տասնամյակները ցույց են տվել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչպես որևէ այլ ցանկացած հիմնախնդիր, պետություններն ու միջազգային կառույցներն օգտագործում են՝ միայն ու բացառապես իրենց շահերից ելնելով: Դա գուցե հակահումանիստական է, գուցե՝ ապաբարոյական, սակայն դա է միջազգային հարաբերությունների, մեծ քաղաքականության անկյունաքարը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: