Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:
Նախքան օրակարգային հարցերին անցնելը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ընդգծել է կամավորական շարժման դերակատարությունը ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և այդ խորապատկերում կարևորել է ՀՀ կառավարության հունիսի 2-ի նիստում ընդունված որոշումը, ըստ որի` կամավորական ջոկատների կազմում ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած անձանց սոցիալական երաշխիքները կհավասարեցվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական երաշխիքներին:
Նիստի ընթացքում քննարկվել են մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգի սահմանված կարգով հաստատված դրույթներն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:
Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է մարտական գործողությունների մասնակից հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները: